Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժառանգությունը» ռեսուրս չունի ընտրություններին մասնակցելու (տեսանյութ)

Քաղաքականություն
zhar

Մարտի 15-ին նախանշված է տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 33 համայնքներում: Ինչո՞ւ «Ժառանգություն» կուսակցությունից որևէ թեկնածու առաջադրված չէ։ «Ժառանգության» ներկայացուցիչ, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը զայրացած է. «Ռեսուրս չունենք տեղերում գրասենյակ վարձելու, մարդկանց աշխատավարձ տալու համար։ Թող պետությունը նորմալ ֆինանսավորում տա»։ Անգամ Արմավիրի մարզում, որտեղ նախագահական ընտրությունների արդյունքում «Ժառանգության» առաջնորդն էր հաղթել, նույնպես առաջադրված թեկնածու չկա։ ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը զարմացած է տիկին Բախշյանի ասածներից. քաղաքական գործիչն արդեն բացահայտ ասում է ռեսուրս չունենալու մասին։ Պետության մեղքն այստեղ նա չի տեսնում, ասում է՝ ՏԻՄ ընտրություններն ամենաքիչ ռեսուրս պահանջողն են։ «Ընդդիմության ամենամեծ թերություններից մեկն այն է, որ ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցում, ժողովրդի հետ քիչ են շփվում, իսկ այս ընտրություններն ամենալավ առիթն են»,-շեշտել է ՀՀԿ-ական պատգամավորը։ Նա վստահեցնում է, որ եթե ընդդիմությունը հաջողություն է ուզում, ապա պետք է ներքևից՝ հենց այս ընտրություններից սկսի, որը համարում է ամենաբարդը, բայց և ամենակարևորը։ «Այդ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին հարցեր են ուղղում, թեկուզ հայհոյում են, բայց մենք լսում ենք մարդկանց»,-ասել է պարոն Ալեքսանյանը։ Տիկին Բախշյանը պնդում է, թե իշխող կուսակցությունն ամեն ինչ անում է, որպեսզի բացի իրենցից, որևէ մեկը թեկնածու չունենա այս ընտրություններում։ «ԲՀԿ-ական շատ գյուղապետեր հրաժարական տվեցին վերջին շրջանում»,-շեշտել է նա։ «Ժառանգության» ներկայացուցիչը վստահ է, որ ամեն անգամ մարդկանց համարձակությունը սանձվում է իշխանության կողմից բռնության, պրովոկացիայի միջոցով։ «Մարդիկ, ովքեր ուզում են երկրում մի բան փոխել, պատի են դեմ առնում։ Իշխանությունն էլ գիտի, որ իրենից հոգնել են, բայց ջարդում, տրորում է ընդվզողներին»,-նշել է տիկին Բախշյանը։ Նա համոզված է, որ մարդկանց մեծամասնությունը հիասթափված է ամեն ինչից և եթե Հանրապետականը կարծում է, թե իրեն վստահում են՝ սխալվում է։ ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցրել է, թե իշխանությունը մտահոգ է երկրում առկա խնդիրներով։ Եվ եթե ընդդիմությունն ուզում է շտկել դրանք, թող կանգնի մարդկանց դժգոհ հատվածի կողքին և իշխանափոխություն անի։ «Ա1+»-ի հարցին ի պատասխան, թե ԲՀԿ առաջնորդը խոսեց իշխանափոխության մասին, բայց օրեր հետո հայտնեց, թե լքում է կուսակցության նախագահի պաշտոնն ու դուրս է գալիս քաղաքականությունից, սա ինչո՞վ է բացատրում. պարոն Ալեքսանյանը նշել է. «Մի բան է՝ իշխանափոխություն անել օրինական, սահմանադրական եղանակով, մեկ այլ բան է երկիրը ցնցումների տանելը։ ԲՀԿ ղեկավարի այդ հայտարարությունները այս ժամանակաշրջանի համար, մեղմ ասած՝ ճիշտ չէին։ Խոսքը իշխանափոխության մասին չէ, այլ հարյուրավոր մասսաներ հավաքելու մասին, և այդ մասսաները հավաքվում էին»։ «Վախեցաք»,-հակադարձել է տիկին Բախշյանը, իսկ պարոն Ալեքսանյանը վստահեցրել է, թե վախենալու բան չկար։