Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժառանգության» փոխնախագահը վիրավորված է Զարուհի Փոստանջյանից

Քաղաքականություն
02d20429ecebdbf1e412a8446df5b2a9

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի մեկնաբանելու Զարուհի Փոստանջյանի որեւէ խոսք։ «Նմանատիպ հարցերի համար կան կուսակցական կառույցներ, ներկուսակցական հարթությունում այդ հարցերը կքննարկենք եւ դրա մասին հանրությանը տեղյակ կպահենք»,- «Ա1+»-ին ասաց Արմեն Մարտիրոսյանը։ ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ, Բաղրամյան 26-ում «Ժառանգության» անդամներ Ռուբիկ Հակոբյանի ու Արմեն Մարտիրոսյանի հանդիպումից  հետո ասել էր, որ կուսակցությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ բոլորը դեմ էին արտահայտվել Սերժ Սարգսյանի հրավերին։ Նա չէր բացառել նաեւ, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը մասնակցած Ռուբիկ Հակոբյանի եւ Արմեն Մարտիրոսյանի՝ կուսակցությունից հեռացնելու հարցը դրվի։ Lragir.am-ին Զարուհի Փոստանջյանն ասել էր. «Հավանաբար գնացել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ: «Ժառանգության» հետ այս մասնակցությունը որևէ կապ չունի, միգուցե անհատ ձեռնարկատե՞ր են հանդես եկել, բայց ոչ քաղաքական գործիչներ և չեն ներկայացրել «Ժառանգություն» կուսակցությունը»: «Եթե 2003 թվականից այս կողմ որեւէ մեկը կուսակցությունում ցույց կտա գեթ մի քայլ, որ իմ կողմից կատարվել է, որը եւ կուսակցության որոշումներին հակառակ է եղել, ես ներողություն կխնդրեմ իմ գործունեության համար եւ կհեռանամ»,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը։ Այսինքն` նախապես որոշվա՞ծ է եղել հանդիպումը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը կրկնեց նախորդ պատասխանը։ Արմեն Մարտիրոսյանը որեւէ հայտարարությամբ հանդես չի գալու. «Կան ներկուսակցական հարցեր։ Այսպես ասած՝ ներընտանեկան հարցերը հրապարակայնորեն քննարկման չեն դրվում։ Կուսակցական կյանքը որոշակիորեն ներքին խոհանոց, կարգապահություն է ենթադրում, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ այդ քննարկումը ներսում իրականացնենք եւ որոշումների մասին հանրությանը տեղյակ պահենք, որովհետեւ նաեւ հանրային կառույց է կուսակցությունը»։ Այնուամենայնիվ, նա անկեղծանում է, որ նման արձագանքի Զարուհի Փոստանջյանի կողմից չէր սպասում։ «Նմանատիպ վիրավորանք իհարկե չէի սպասում։ Ես կարծում եմ, որ իմ գործունեությամբ մինչեւ հիմա նմանատիպ վիրավորանքի տեղ չեմ թողել»,- եզրափակեց նա։ Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանի մոտ քննարկվել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր: Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաեւ քաղաքական մի շարք այլ ուժերի՝ Միավորված աշխատանքային կուսակցության, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Հայոց համազգային շարժում», «Ազատ դեմոկրատներ», ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչների հետ: