Իմ մեղքը գալիս են մարդիկ, որոնք հույսը դրել էին ԲՀԿ-ի վրա. ՀՀԿ-ական (տեսանյութ)
ԲՀԿ-ից համատարած փախուստը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն առնետավազք չի համարում. «Այսօր Գագիկ Ծառուկյանը քաղաքականության մեջ չի, բնականաբար յուրաքանչյուրը որեւէ պարտավորությունից ազատվում է»։ Իսկ ԲՀԿ-ն լքած պատգամավորները ի՞նչ գործ ունեն Ազգային Ժողովում, եթե իրենց քաղաքականություն բերած մարդը այլեւս քաղաքական գործիչ չէ. «Քաղաքական գործչի ինստիտուտը այլ է, քաղաքականությամբ զբաղվելու ինստիտուտը՝ այլ»։ ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը զարմանում է, թե ինչու են խառնվել իրար ԲՀԿ-ի այս օրն ընկնելուց։ Մարդիկ ի՞նչ էին սպասում այդ կուսակցությունից. «Անտեղի ոգեւորության պատճառով է, որ հիասթափություն է տեղի ունեցել, որովհետեւ ոգեւորվելու որեւէ բան չկար»։ ԲՀԿ-ն ընդամենը խորհրդարանական ուժ էր, ոչ ավելին եւ ինքը բացարձակապես որեւէ զգացում չունի այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ. «Իմ մեղքը գալիս են էն մարդիկ, որոնք փոփոխություններ էին սպասում Հայաստանում եւ հույսը դրել են տվյալ կուսակցության վրա»։ Այն, ինչ տեղի է ունենում ԲՀԿ-ում, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը համարում է ծրագրերի վերանայում։ Այո, ինչ-որ սխալ արտահայտություններ արեցին Սերժ Սարգսյանի հասցեին. «Սխալ են արել եւ թող էդ սխալի համար պատասխան տան»։ Դաշնակցությունը հենց այսպիսի դեպքերի համար է կարեւորում սահմանադրական բարեփոխումները։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյաննը նշում է. «Քաղաքական համակարգը ստվերային քաղաքական համակարգ է, որտեղ ոչ միայն քաղաքական ուժերն են դերակատարները, այլեւ անձերի միջեւ պայմանավորվածությունը»։ Ընդունված է կարծել, սակայն, որ նախ պետք է կուսակցությունները կայանան, նոր իրականացվի խորհրդարանական կառավարումը. «Սա հավի ձվի պատմությունն է, ակնհայտ է, որ համակարգը պիտի նպաստի քաղաքական ուժերի կայացմանն ու դերակատարությանը»։ Պարոն Վարդանյանը ԲՀԿ-ից նրա անդամների զանգվածաբար հեռանալու երեւույթը առնետավազք կամ փախուստ չի անվանի. «Մարդիկ իրենց քաղաքական կամ քաղաքականը պայմանական ասած, կապել են կոնկրետ անձի եւ էդ անձի հնարավորությունների հետ եւ էդ անձի բացակայության դեպքում իրենց չեն տեսնում»։ Դաշնակցությունը շատ ուրախ կլիներ, եթե խորհրդարանական հաջորդ ընտրություններից առաջ քաղաքական ուժերը հուշագիր կնքեին, որով կբացառեին խոշոր բիզնեսմենների մուտքը խորհրդարան։