Ինչո՞ւ Հայաստանը չի հրավիրվել ԵՏՄ Աստանայի հանդիպմանը. PanARMENIAN.Net
Մարտի 13-ին Աստանայում կայանալու է Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը: Ինչպես ասվում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում, նախագահները կքննարկեն փոխադարձ առևտրի ու տնտեսական գործակցությանն առնչվող հարցեր: Նախագահները կքննարկեն նաև միտումները համաշխարհային տնտեսության մեջ, ինչպես նաև իրավիճակն Ուկրաինայում: Ընդ որում Հայաստանին հանդիպմանը չեն հրավիրել: Միջազգայնագետ-վերլուծաբան Անդրեյ Ֆյոդորովը կարծում է, որ Լուկաշենկոն, Նազարբաևն ու Պուտինն առաջին հերթին փորձում են ելք գտնել վատ տնտեսական իրավիճակից, որում հայտնվել են իրենց ղեկավարած երկրները: Որոշ չափով անդրադարձ կլինի նաև քաղաքականությանը, սակայն ուշադրության կենտրոնում լինելու է տնտեսությունը: Ըստ փորձագետի, զարմանալի չէ, որ հանդիպմանը հրավիրված չեն Ղրղզստանի և Հայաստանի նախագահները: Նա հիշեցրել է, որ Ղրղզստանը դեռ պաշտոնապես չի անդամակցում ԵՏՄ-ին: «Հայաստանը, թեև միացել է, սակայն տնտեսական առումով նրա դերը ԵՏՄ-ում աննշան է: Իմաստ չունի հրավիրել հանդիպմանը Սերժ Սարգսյանին, եթե նա ոչ մի բանի վրա ազդել չի կարող: Դա միայն կբարդացնի գործընթացը»,-կարծում է Անդրեյ Ֆյոդորովը, հայտնում է Udf.by-ը: Քաղաքագետ Ալեքսանդր Կլասկովսկին հիշեցնում է, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին Լուկաշենկոն ու Նազարբաևը մրցում էին խաղաղարարների դափնիների համար և գրեթե զուգահեռ այցեր կատարեցին Կիև, որտեղ հանդիպեցին Պորոշենկոյի հետ: Ղազախստանի նախագահը նույնիսկ հայտարարեց, որ «նորմանդական քառյակի» հանդիպումը հունվարի կեսին հենց Աստանայում կանցնի, սակայն մի շարք պատճառներով դա չստացվեց: «Լուկաշենկոյին հասան դափնիները: Թեև դա պայմանական է, քանի որ մինչ ուկրաինական թնջուկի հանգուցալուծումը դեռ շատ կա»,-ասել է նա: Սակայն, ըստ քաղաքագետի, այժմ Լուկաշենկոյի և Նազարբաևի համար առաջին պլան է դուրս գալիս ԵՏՄ արդյունավետության հարցը: «Մոսկվայից մեծ բոնուսներ ստանալու Աստանայի և Մինսկի հույսերն օդում առկախված մնացին: Հակառակը, փոխադարձ առևտրի ծավալները մաքսային եռյակի շրջանակում նվազում են արդեն երրորդ տարին անընդմեջ»,-ասել է փորձագետը: Ավելին, ըստ նրա, Բելառուսի իշխանությունները ապրանքների սերտիֆիկացման հարցում ԵՏՄ նորմերը պահպանելու ձգտման պատճառով դիմակայության մեջ հայտնվեց հայրենական արտադրողի հետ: «Պաշտոնական Մինսկը առաջ անցավ, սկսեց պահանջել հավաստագրեր, ինչպես պահանջում են ԵՏՄ նորմերը, այն դեպքում, երբ Ղազախստանն ու Ռուսաստանը դրան մատների արանքով են նայում: Իսկ Բելառուսի ղեկավարությունն իր կարգապահության ու կատարողականության պատճառով ավելորդ գլխացավանք ստացավ»,-նշում է քաղաքագետը: Նա ենթադրում է, որ ետնաբեմում Նազարբաևն ու Լուկաշենկոն Պուտինից նոր բոնուսներ են պահանջելու եվրասիական ինտեգրմանը մասնակցելու համար: Մասնավորապես, ըստ փորձագետի, նավթի մաքսատուրքերից ստացվող շահույթը Բելառուսի բյուջեի համար կարող է չնչին լինել նավթի գների անկման և վերամշակման մարժայի պատճառով: Քաղաքագետը նաև հիշեցնում է, որ ԵՏՄ մասնակիցներին չի հաջողվել վերացնել խոչընդոտները փոխադարձ առևտրում: Ըստ նրա, դա ոչ միայն Մոսկվայի մեղքն է: «Աստանան ու Մինսկը նույնպես չեն շտապում բացել իրենց ներքին շուկաները ռուսական ապրանքների համար: Ավտորիտար ռեժիմների հովանավորչական հակումները դեռ երկար կմթագնեն գործընկերությունը ԵՏՄ շրջանակում»,-կանխատեսում է վերլուծաբանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում