«Վազգենի երազանքներին հասնելու համար այն, ինչ փորձել եմ, բավարար չի». Արամ Սարգսյան (տեսանյութ)
Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, ապա այսօր սահմանում կանգնած կլիներ՝ հայ զինվորի կողքին։ Այսօր՝ սպարապետի ծննդյան օրը, Եռաբլուրում վստահեցրեց նրա եղբայրը՝ Արամ Սարգսյանը. «Եթե Վազգեն Սարգսյանը լիներ, ես այսօր քաղաքական հարցերի չէի պատասխանի, ուղղակի ստվերում կգայի ու կգնայի»։ «Ա1+»-ի հարցին՝ ապրո՞ւմ ենք մենք այսօր սպարապետի երազած Հայաստանում, նա պատասխանեց. «Արժանապատվության, պատվախնդրության ինքնասիրության առումով՝ չեմ կարծում՝ արել եմ որեւէ բան, որ ամաչելու խնդիր ունենամ, կամ որով Վազգենի հիշատակը ստվերած լինեմ։ Վազգենի երազանքներին հասնելու համար դեռ այն, ինչ փորձել եմ, բավարար չի, չի ստացվել, բայց շարունակելու եմ համառորեն, անընդհատ»։ Արամ Սարգսյանը նշեց, որ Վազգեն Սարգսյանի ֆիզիկական բացակայությունը ոչինչ չի փոխել՝ նա շարունակում է մնալ իրենց հետ. «Վազգենը միշտ մեր տանն է, միշտ մեզ հետ է եղել, այս 15 տարիների բացակայությունը որեւէ կերպ չի խանգարել, որ Վազգենը մնա հորս ու մորս հայացքում, նրանց աչքերի մեջ, արցունքների մեջ»։