Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կոռուպցիայի դեմ պայքարելու կամք մեր երկրում չեմ տեսնում»

Քաղաքականություն
hoktanyan

«Փորձ է արվում ինստիտուցիոնալ հիմքեր ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի համար, սակայն այն չի աշխատի, եթե չլինեն արդյունավետ քննարկումներ։ Մենք առայժմ ձեռնպահ կմնանք և չենք մասնակցի մրցույթին»,-այսօր այս մասին հայտարարեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի տնօրեն Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ» ստեղծելու Կառավարության որոշմանը, որը գլխավորելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իսկ խորհրդի կազմում ներգրավված են լինելու ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, ինչպես նաև մի քանի այլ պատգամավորներ։ Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ միայն քաղաքական կամքի դրսևորման պարագայում է, որ այդ խորհուրդը կարող է հնարավորինս արդյունավետ գործել։ «Քաղաքական կամք ՝ այդ բացասական երևույթի դեմ պայքարելու համար, ցավոք սրտի, ես մեր երկրում դեռևս չեմ տեսնում»,-շեշտեց նա՝ հավելելով, որ կոռուպցիան Հայաստանում համակարգային բնույթ է կրում։ Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար, Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ Մարատ Ատովմյանի համոզմամբ էլ՝ կարիք չկա Հայաստանում ստեղծել հակակոռուպցիոն ինստիտուտներ, որոնք, ինչպես կյանքը ցույց է տվել, մինչ օրս չեն գործում: Այս կապակցությամբ նա շեշտում է, որ Հայաստանում պետք է ստեղծվի այնպիսի անկախ մի մոդել, որը հակակոռուպցիոն քարոզչությամբ կզբաղվի, վերլուծական աշխատանքներ կտանի։ Ներկա իրավիճակում՝ Կառավարության ձեռնարկած այդ խորհրդին և նրա աշխատանքներին պարոն Ատովմյանն այնքան էլ չի վստահում։ Նրա խոսքերով՝ դա չպետք է լինի այնպիսի մի բան, որի իրագործումը մնա միայն թղթի վրա, այլ պետք է ռեալ օգուտներ քաղել դրանից ՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործում։ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն էլ կարծում է, որ չպետք է կենտրոնանալ այն հանգամանքի վրա, թե ովքեր են ղեկավարելու այդ խորհուրդը։ Այս պարագայում նրա համար կարևոր է , թե ինչ ծրագրեր ու գաղափարներ է այն կարողանալու իրագործել։ Պարոն Պողոսյանը նաև նշեց, որ իրենց խմբակցությունը այդ խորհրդի աշխատանքներին ներգրավվելու հրավեր դեռևս չի ստացել։