«Միայն ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը հեռուստաընկերություն չունեն»
ԱԺ-ում այսօր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի՝ 2013թ. իրենց գործունեության մասին զեկույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խոսեց եթերային պլյուրալիզմից: «Բոլոր կուսակցություններն, ըստ էության, ունեն իրենց հեռուստաալիքները: Չհասկացանք, միայն ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը պետք է դուրս մնա՞ն, թե միայն հանրահավաքներով պետք է մեր ասելիքը տեղ հասցնենք: Դա էլ չենք կարողանում իրազեկել, պլյուրալիզմ չկա»,- հայտարարեց Լեւոն Զուրաբյանը: ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանը վստահորեն հայտարարեց, որ ոչ մի կուսակցություն ալիք չունի: «Ես հասկանում եմ, որ պաշտոնապես չունեն, սակայն ինչ-որ ձեւով ասոցացված են մի շարք հեռուստաընկերություններ կոնկրետ կուսակցությունների հետ: Բոլոր կուսակցությունները ազատորեն հնարավորություն ունեն քաղաքական վերահսկողություն ունեն՝ ասելու այն, ինչ ուզում են, մենք՝ ոչ»,- հակադարձեց Զուրաբյանը: Պարոն Բունիաթյանը վստահեցրեց, որ իրենք իրավասությունների սահմաններում անում են հնարավորինը. «Մենք հեռուստաընկերություն չենք ու չենք կարող մտնել մյուսների իրավասությունների սահմաններ»: «Պարոն Բունիաթյան, ոնց հասկանում եմ՝այդ հանրահավաքի կազմակերպչական հարցերով պետք է օգնենք նրանց, ես եւս: Տպավորությունս այն է, որ հեռուստաընկերությունները իրենց ռեյտինգը բարձրացնելու համար քավության նոխազ են դարձրել քաղաքական մեծամասնությանը»,- հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, որի տրամադրությունն այսօր ակնհայտ բարձր էր՝ նա արձագանքում էր բոլորի ասածներին: