Ֆինանսների փոխնախարարի խորհուրդը ընդդիմադիր պատգամավորներին
Կառավարությունն այսօր մերժեց ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Լեւոն Զուրաբյանի եւ Ռուբիկ Հակոբյանի կողմից «Շրջանառության հարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը։ Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը նշեց, որ վերջիններս առաջարկել են կամավորության սկզբունք ներդնել եւ 3,5 տոկոս հարկել այն բոլոր ապրանքներից, որոնց դիմաց փաստաթղթեր չկան, եւ գործող շեմը 58,35 մլն դարձնել 100 մլն դրամ։ Արմեն Ալավերդյանը տեղեկացրեց, որ կառավարությունը արմատական փոփոխություններով նախագիծ է ներկայացրել ԱԺ։ «Առաջարկում ենք վերը նշված պատգամավորներին ձեռնպահ մնալ այս քննարկումներից եւ այդ հարցերին անդրադառնալ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ԱԺ ներկայացված եւ քննարկման փուլում արդեն գտնվող օրենքների նախագծերի փաթեթների քննարկումների շրջանակներում»,- խորհուրդ տվեց Ֆինանսների փոխնախարարը։