«Հայաստանի արխիվները բաց են. թուրքեր, համեցեք». (տեսանյութ)
Մինչև ապրիլ հրապարակվելու են Հայոց ցեղասպանությանը վերաբերող տասնյակ գրքեր ու փաստաթղթեր։ «2012 թ. երեք հատորով հրատարակեցինք «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան թուրքիայում» գիրքը, այս տարի հայերեն կհրապարակենք դրա 4-րդ, 5-րդ հատորները։ 2014 թվականին այն լույս էր տեսել Թուրքիայում՝ Ստամբուլում, իսկ 2 օրից կլինի Մոսկվայում՝ ռուսերենով»,-հայտնել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։ Ազգային արխիվը շարունակում է նաև Եղեռնի զոհերի անվանական շտեմարանի կազմումը։ Աշխատանքներն անցյալ տարվա աշնանն են մեկնարկել, հունվարի տվյալով՝ արդեն 33.000 մարդու անուն ունեն։ Նա նաև անդրադարձել է Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարությանը, նշելով, որ արխիվում այդ մասին տվյալներ չկան: Բայց Գալիպոլիի ճակատամարտում հաղթած թուրքական դիվիզիաները Սարդարապատում ջախջախվել են: Պարոն Վիրաբյանի խոսքով՝ մինչև անցյալ տարի թուրք պաշտոնյաները նշում էին, թե Հայաստանի արխիվները փակ են և Ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր չկան։ Հիմա մենք հակառակն ենք ապացուցում։ «Հայաստանի արխիվները բաց են, հարգելի թուրք ուսումնասիրողներ, պատմաբաններ, լրագրողներ, համեցեք։ Կարող եք գալ։ Մենք հրապարակում ենք այդ փաստաթղթերը՝ թարգմանելով թուրքերեն և անգլերեն լեզուներով, այնուհետ տարածում աշխարհի տարբեր երկրներում»,-եզրափակել է Ազգային արխիվի տնօրենը։