«Մեր ժողովուրդը դարձել է նապաստակ» (տեսանյութ)
«Բիզնես դաշտում նոր մարտահրավերների առջև ենք կանգնած. պետք է գործարարները հասկանան, թե ինչ արտադրություն կարելի է սկսել, որը օգուտ կբերի մեր բնակչությանը»,-ասում է Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը։ Եթե կարողանանք մեր սեփական արտադրանքով երկրի ներքին պահանջարկը բավարարել, դրանով իսկ մեծ խնդիր լուծած կլինենք։ Պարոն Մխչյանի խոսքով՝ շատ գործոններ են կարևոր, այդ թվում այն, որ դրամը երկար ժամանակ կայուն վիճակում լինի, որպեսզի մարդկանց գործունեությունը չտուժի։ 2 ամիս է՝ ԵՏՄ անդամ ենք, բայց ակնկալիքը՝ ունենալ շահույթ բիզնես միջավայրում, չկա, դեռ մի բան էլ տուժում ենք. «Կարող եմ մատնանշել որոշ ընկերներ, որոնք ալյուրի ներկրմամբ են զբաղվում և ունեն հսկայական վնասներ, որովհետև իրենց ասելով՝ ռուսական ալյուր է ներխուժել Հայաստան, որը մոտ 30.000 դրամով տոննայի մեջ ավելի էժան է»,-նշել է պարոն Մխչյանը։ Իհարկե, ցանկանում է, որ հացը ժողովրդի համար էժան լինի, բայց սրա մեջ նորից արտագաղթի վտանգ է տեսնում։ «Եթե գյուղացին ցորեն չցանի, կթողնի, կգնա»,-շեշտել է նա։ Ասում է՝ ակնկալում էինք 170 միլիոնանոց շուկա մտնել, որ արտահանեինք, բայց հիմա փաստացի դարձել ենք մի փոքր գյուղ Ռուսաստանի համար, որտեղ իրենք կարողանում են իրենց ապրանքներն ուղարկել։ Դեռևս նոյեմբեր ամսին, երբ դեռ ԵՏՄ անդամ չէինք, մեր երկրում արտահանման ծավալները կրճատվել էին 18 տոկոսով, հիմա մոտ 20 տոկոսով։ «Եթե այս տեմպերով շարունակվի, կհասնենք կոլապսի»,-նշել է Հայաստանի արտահանողների միության նախագահը։ Որպես խնդրի լուծում նա տեսնում է ներդրումների համար քաջալերող միջավայրի ստեղծումը, քանի որ իր խոսքով՝ լճացման, ճահճի մեջ ենք։ «Այսօր մեր ժողովուրդը դարձել է նապաստակ, ծայրահեղ դեպքում նստում են ավտոբուս ու գնում։ Ինչի՞ համար, որովհետև այստեղ հետաքրքրություն չկա»,-կարծում է պարոն Մխչյանը։ Այդ իսկ պատճառով պետք է առաջնահերթ հայրենական արտադրությունը խրախուսվի։