Ըստ հետազոտության՝ ամենաանառողջ սննդակարգով երկիրն ենք (տեսանյութ)
Աշխարհի 197 երկրներում՝ 4,5 մլրդ մարդկանց շրջանում իրականացված հարցումներով պարզվել է, որ Հայաստանը գլխավորում է ցանկը: «Սա լուրջ հետազոտություն է՝ հրապարակված The Lancet Global Health ամսագրում։ Հետազոտությունը բացահայտել է, որ աշխարհում առողջ սննդի սպառման աճ է գրանցվել, ներառյալ՝ մրգերի և բանջարեղենի։ Ամենաանառողջ երկրների ցանկը գլխավորել է մեր երկիրը, իսկ ամենաառողջ երկիրը Չադն է։ «Մենք չգիտենք՝ ինչ ենք ուտում, չկա մթերքի տարբերակում»,-նշել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Նրա խոսքով՝ նման ոչ մխիթարիչ հորիզոնականում ենք հիմնականում գազավորված ըմպելիքների և մշակված մսի օգտագործման հետևանքով։ Պարոն Պիպոյանը նաև չի հերքում, որ բնակչության սոցիալական վիճակը չի ներում՝ առավել առողջ սնունդ օգտագործել։ «Բնականաբար, աղքատ մարդը չի կարող օրինակ ծովամթերք օգտագործել»,-շեշտել է նա։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը վստահաբար հայտարարում է. մեր երկրում դիետիկ սնունդ գոյություն չունի, և այն, որ հաճախ խանութներում հանդիպում ենք նման մակնշմամբ սնունդ, նշանակում է՝ օրենքի խախտում է։ Առողջապահության նախարարությունն էլ մշտապես նշում է, որ որևէ արտադրող իրենց չի դիմել որևէ սնունդ որպես դիետիկ գրանցելու հարցով։ Մյուս խնդիրներից է նաև այն, որ 2005 թվականից մեզ մոտ երկաթի պակաս կա, շուկայում առկա կաթնամթերքի վրա հիմնականում նշված է չոր կաթ, որը օրգանիզմին օգտակար չէ։ «Այս հետազոտության կապակցությամբ ոչ Առողջապահության նախարարությունը, ոչ էլ Սննդի անվտանգության պետական ծառայությունը որևէ անդրադարձ չեն արել. «Գոնե հերքեն, ասեն՝ չափազանցված տվյալներ են, բայց նրանք լուռ են»,-եզրափակել է պարոն Պիպոյանը։