«Դուրս եկեք, Ազատիչ, եւ Ռիչարդովիչը Ձեզ հետ դուրս կգա»
Մարտի 1-ին «Ժառանգության» ոչ բոլոր անդամները կլինեն Ազատության հրապարակում՝ ՀԱԿ հանրահավաքին։ Ինչպես այսօր հայտարարեց «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, իրենց մի մասը գնալու է սահմանամերձ Չինարի։
«Մենք այս խաղն այլեւս չենք խաղալու, կգա ժամանակ, որ կհավաքվենք մի քիչ վերեւ»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նկատի ունենալով Բաղրամյան 26-ը։
Ինչ վերաբերում է որեւէ համագործակցության, ապա նա նշեց. «Ներկա դրությամբ եռյակ գոյություն չունի, պատրաստ ենք բաց դռներով սկսել նորից։ Ես ոչ մեկի դատավորը չեմ, բոլորս սխալվելու իրավունք ունենք, բայց հույսը ոչ մեկը թող չկտրի, պայքարը շարունակվում է։ Համագործակցություն կլինի բոլոր այն ուժերի հետ, ովքեր պահանջում են խորհրդարանական ու նախագահական արտահերթ ընտրություններ՝ հարգելի Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով»։
«Դուրս եկեք, Ազատիչ, եւ Ռիչարդովիչը Ձեզ հետ դուրս կգա. կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- այս նախադասությամբ ավարտեց հավաքը Րաֆֆի Հովհաննիսյանը
«Ժառանգությունը» Ազատության հրապարակում կլինի նաեւ հաջորդ ուրբաթ, ժամը 16։00-ին։