«Երեւան Մոլ»-ում արտառոց դեպք չի՞ գրանցվել. լուսանկարներ (տեսանյութ)
«Երեւան մոլ» առեւտրի կենտրոնի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել.
«Մեկնաբանելով այսօր մամուլում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ «Երևան Մոլում» իրավիճակը դարձել է անկառավարելի, պաշտոնապես հայտարարում ենք, որ «Երևան Մոլում» գործող Electronics Planet տեխնիկայի խանութը կազմակերպել էր ակցիա, ըստ որի խանութ այցելած 100 հաճախորդներին հեռուստացույցներ և մի քանի այլ տեսակի կենցաղային տեխնիկա վաճառվելու է 1000 ՀՀ դրամով։
Այդ առիթով մոլը իրապես մարդաշատ էր, սակայն ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել:
Ակնհայտ է, որ այդ ակցիան պետք է աշխուժություն առաջացներ հանրության մեջ, քանի որ այդպիսի առաջարկներ լինում են հազվադեպ:
«Երևան Մոլում» գործող բոլոր խանութները առանձին տնտեսվարող սուբյեկտներ են և նրանց մարքեթինգային գործունեությունը չի վերահսկվում մոլի ղեկավարության կողմից:
Հայտնում ենք նաև, որ այս պահին ակցիան ավարտված է, և որևէ արտակարգ իրավիճակ, ինչպես նկարագրվում էր մամուլի տարածած նախորդ հաղորդագրություններում չի գրանցվել»:
Հիշեցնենք, այսօր, ժամը 15։00-ին նախատեսված ակցիան ավարտվել է 13։30, իսկ ըստ armtimes.com-ի՝ «Շտապբուժօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը ասել է, որ «Երեւան մոլ» առեւտրի կենտրոնից 3 կանչ է ստացվել. 3 քաղաքացիներ տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ Ստեփանյանի՝ խանութի դռան ապակու կոտրվածքի հետեւանքով նշված քաղաքացիները վնասվածքներ են ստացած եղել ձեռքի, ճակատի շրջանում: Մեկ քաղաքացու թեւն էլ հրմշտոցի հետեւանքով ոլորվել է: