ԵԱՀԿ-ն ամփոփել է համանախագահների այցը տարածաշրջան
ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել՝ համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Պիեռ Անդրյոի (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) տարածաշրջան այցից հետո: Նրանց միացել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Համանախագահները հանդիպել են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների, արտաքին գործերի նախարարների եւ պաշտպանության նախարարների , ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Այցի հիմնական նպատակն էր կողմերին կոչ անել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը հունվարյան խախտումներից հետո Ըստ հայտարարության՝ քննարկումների ժամանակ կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նախագահները նաեւ համաձայնել է հաշվի առնել եւ քննարկել համանախագահների առաջարկները, որոնք կարող են ամրապնդել հրադադարի ռեժիմը: Համանախագահները նաեւ քննարկել են նախագահների ու ԱԳ նախարարների հետ հակամարտության կարգավորմանը միտված հետագա քայլերը, ինչպես նաեւ այս տարի նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Համանախագահները հանդիպել են նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տարածաշրջանաին ներկայացուցիչներին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով անհայտ կորած անձանց հարցերը: Նրանք կարեւորել են 2014 հոկտեմբերին Փարիզում կայացած նախագահական գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունը, որով նախատեսվում է տեղեկատվություն փոխանակել անհայտ կորածների մասին ԿԽՄԿ –ի հովանու ներքո: