«Գ. Ջհանգիրյանի՝ Գլխավոր դատախազ դառնալու երազանքը փլուզվեց» (տեսանյութ)
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ-ում ՀԱԿ մեկ այլ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին նախագծի վերաբերյալ հայտարարեց. «Իրավաբանորեն սա անգրագետ ձեւակերպումներով փաստաթուղթ է, ուստի ես դեմ եմ քվեարկելու»: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը տեղից սկսեց ռեպլիկներ անել, ինչին ի պատասխան Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը արձագանքեց. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ դուք մնաք պատգամավոր, ու իրավաբան չլինեք, քանի որ, ինչպես բուհում մեզ սովորեցրել է Գագիկ Ջհանգիրյանը՝ բժիշկներն ու իրավաբանները գործ ունեն մարդկային ճակատագրերի հետ»: Իր ամփոփիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը սկսեց հերթով անդրադառնալ ՀՀԿ բոլոր պատգամավորների ելույթներին, ապա երբ նշեց, որ ուզում է անդրադառնալ Գագիկ Ջհանգիրյանին, վերջին տեղից վեր կացավ, հեռանալով՝ նետեց. «Ջհանգիրյանին պետք չէ անդրադառնալ»: Նիկոլ Փաշինյանը շարունակեց՝ ասելով. «Պարոն Ջհանգիրյանի՝ Գլխավոր դատախազ դառնալու երազանքը, փաստորեն, փլուզվեց ու հիմա, պարոն Ջհանգիրյան, նոր տեղեր հայտնվելու համար դուք արեցիք ձեր առաջին քայլը, ինչի համար ձեզ շնորհավորում եմ: Ջհանգիրյանն ու նրա կուսակիցները սկսել են Սերժ Սարգսյանին որպես նախագահ ընդունել: Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահ չէ, այլ պաշտոնը զբաղեցնող անձ է: «Մեծարգո Սերժ Սարգսյանին» նամակ գրողների խնդիրն է դա՝ կարող են նրան ընդունել, բաց, փակ նամակներ գրեն, խորհրդատվական խողովակներով շփվեն, ջան ասեն, ջան լսեն: Եթե այդքան ուժեղ էին ասածները, թող մնար: Իսկ ով իմ ասածին կասի՝ անգրագիտություն է, ես իրեն կասեմ անգրագետ: Լիսկան էլ է դոկտոր- պրոֆեսոր»: Նախագիծը դրվեց քվեարկության: Կողմ քվեարկեց միայն Զարուհի Փոստանջյանը: Դեմ արտահայտվողները հինգն էին: