Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մասնակցել են Սուրիկ Խաչատրյանի որդու հարսանիքին, ո՞նց կարող են արդար դատել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aded413d80d53037ed1a4815e304baad

Փետրվարի 12-ի հայտնի ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց նաև պրոֆեսիոնալ կերպով հանցագործությունները քողարկելու խնդրի մասին։ «Բուդաղյանների գործով էլ են աշխատել պրոֆեսիոնալ քողարկման մեխանիզմները»,-վստահ է Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը։ Նա հերքում է տարածված լուրերը, թե գործը փակված է. «Ամեն ինչ անելու ենք, որ ոչ միայն հունիսին տեղի ունեցած դեպքի մեղավորները պարզվեն, այլ դեպքը քողարկողները։ Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գորիս քաղաքում, Սյունիքի մարզպետին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների հետևանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացել էր, իսկ նրա եղբայր, գնդապետ Արտակ Բուդաղյանը հրազենային վնասվածներ էր ստացել։ Ներկայում Սյունիքի մարզում քննվում է Արտակ Բուդաղյանի գործը՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կնոջ՝ Լորետա Բարսեղյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու կապակցությամբ։ Փաստաբանի խոսքով՝ Սյունիքի մարզպետի որդիներ՝ Տրդատ և Տիգրան Խաչատրյանները ցուցմունք տալու ժամանակ շատ հարցերի հրաժարվել են պատասխանել։ Նա շեշտել է, որ Սուրիկ Խաչատրյանի ննջարանի պատուհանները նայում են ուղիղ դեպքի վայրի ուղղությամբ և ինքը չի հավատում, որ պարոն Խաչատրյանը դեպքի պահին քնած է եղել, չի արթնացել, չի լսել ու չի կրակել։ «Եթե ասեին՝ լսել է, արթնացել է, բայց չի կրակել, դա խելքին ավելի մոտ կլիներ»,-շեշտել է փաստաբանը։ Եթե նույնիսկ մարզպետը դեպքին ականատես չի եղել, պարոն Ալումյանը վստահ է, որ մտերիմներն այդ մասին կպատմեին իրեն, թեև հակառակն են պնդում։ Գործում ներգրավված է նաև Նիկոլայ Աբրահամյանը, ով Սուրիկ Խաչատրյանի ազգականն է, նաև՝ ըստ պարոն Ալումյանի՝ մարզպետի թիկնապահն է, թեև դա էլ հակառակ կողմը հերքում է։ Նիկոլայ Գրիգորյանը նիստերին չի ներկայանում, քանի որ առողջական խնդիրներ ունի. դեպքի օրը կրակել են նրա ոտքին։ «Մինչև այժմ այդ փամփուշտը նրա ոտքից չեն հանում և դա դիտմամբ, քանի որ երբ փամփուշտը հանվի, կպարզվի, որ Արտակ Բուդաղյանը չի կրակել իր վրա, ինչպես պնդում է հակառակ կողմը։ Բայց այդ անձի վիճակը գնալով վատանում է, քանի որ ստացած գնդակը բերել է նրան, որ նրա ոտքը չորանում է, հաշմանդամ է դառնում։ Բուդաղյանների գործով պայքարը շարունակվելու է, և փաստաբանի խոսքով՝ դեկտեմբերի վերջին այս գործն ավելի է բարդացել։ «Լրատվամիջոցներում կարդացել եմ, որ երկրի նախագահն ու Արդարադատության նախարարը մասնակցել են Սուրիկ Խաչատրյանի որդու հարսանեկան արարողությանը։ Չեմ պատկերացնում՝ ո՞նց կարող է արդարադատության համար պատասխանատու անձը քննարկել Տիգրան Խաչատրյանին մեղադրելու կամ չմեղադրելու հարցը, եթե մասնակցում է նրա հարսանիքին»,-շեշտել է պարոն Ալումյանը։ Փաստաբանը պատրաստվում է գործով դիմել Եվրոպական դատարան։ Բայց մինչ այդ, հարցումով դիմել է նախագահի և Արդարադատության նախարարի աշխատակազմերին՝ պարզելու, թե այդ անձինք մասնակցե՞լ են այդ հարսանիքին, թե ոչ։ Երկու շաբաթ է անցել, բայց պարոն Ալումյանը որևէ պատասխան չի ստացել։