«Այլեւս ասվելու է ամեն ինչ». ԲՀԿ խոսնակ
Րոպեներ անց կմեկնարկի ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստը։ Այս պահին կուսակցության անդամները հերթով ժամանում են։ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ զրույցում գնահատելով Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը՝ ասաց. «Դպրոցական գնահատականով՝ 2։ Դա ջղաձգված, ռազբորկայի մակարդակի ելույթ էր»։ Նա կրկին հիշեցրեց Ադոլֆ Հիտլերի օրինակը, ով լինելով ինտելեկտուալ մարդ՝ կոտորեց 40 միլիոն մարդ երկրագնդի վրա. «Նույն կերպ հանրապետության նախագահը պատասխանատվություն ստանձնելու փոխարեն, Գագիկ Ծառուկյանին հարձակման թիրախ է դարձրել։ Հանուն էթիկայի նորմերի պահպանման որոշ չափով լռելը եւ կոռեկտություն պահելը խախտված է։ Այլեւս ասվելու է ամեն ինչ»։ ԲՀԿ խոսնակը նշեց նաեւ, որ ցավում է, որ երեկվա ելույթում չխոսվեց 40 տոկոս աղքատության մասին։ Լրագրողների հարցին, թե փաստորեն պատգամավորներն սկսելու են Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացը, Ուրիխանյանը պատասխանեց. «Բայց ի՞նչ հիմքով»։ Բացակայությունների՝ հիշեցրին լրագրողները։ Ուրիխանյանի պատասխանն էր. «Բացակայությունները մինչեւ հիմա համարվել են հարգելի»։ ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Վահան Բաբայանը լրագրողների հարցերին շատ կարճ պատասխանեց. «Սերժ Սարգսյանի ելույթին ԲՀԿ պատասխանը էմոցիոնալ չի լինելու, բայց միանշանակ համարժեք կլինի»։