Բռնության դեպքը կարո՞ղ է հանգեցնել ԲՀԿ-ի քաղաքական կուրսի կոշտացման (տեսանյութ)
Արդյոք ԲՀԿ քաղխորհրդի անդամ, ակտիվիստ Արտակ Խաչատրյանի նկատմամբ բռնությունը կարո՞ղ է հանգեցնել կուսակցության քաղաքական կուրսի ավելի կոշտացմանն ու արմատական ընդդիմության դաշտ տեղափոխվելուն: Քաղաքական ուժերը չեն շտապում գնահատականներ տալ. ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշում է. «Մենք շատ նուրբ պետք է լինենք մեր դիրքորոշումների մեջ, քանի որ իմ պատկերացումներով այսօր առանց այն էլ լարված, սոցիալ-տնտեսական ծանր վիճակում են մեր քաղաքացիները, անթույլատրելի է այն, ինչ կատարվում է, դա կշարունակվի, եթե կոնկրետ անձինք չբացահայտվեն ու պատժվեն»: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը չի կարծում, որ դա այն շարժիչ ուժն է, որ պետք է փոխի քաղաքական դիրքորոշումը. «Բոլոր դեպքերում դա քաղաքական համակարգի առողջացման լավագույն ճանապարհը չեմ կարծում, որ կարող է լինել: ինչու, որովհետեւ եթե երկրում անհրաժեշտ է հիմնարար, արմատական փոփոխություններ, իսկ այդպիսին անհրաժեշտ է եւ հասարակությունն ինքն է պահանջում, նշանակում է, որ քաղաքական լուծում պետք է տրվի այս հարցին»: ԲՀԿ քաղխորհուրդը հանդես էր եկել կտրուկ քայլերի դիմելու կոչով` մինչեւ մեղավորներին պատժելը քննարկել ԱԺ աշխատանքները բոյկոտելու հարցը, սկսել անհապաղ խորհրդակցություններ այլ խմբակցությունների հետ՝ համակարգելու համար առաջիկա միասնական քայլերը: «Պետք է այդ մեթոդը մանրամասն քննարկվի, որովհետեւ անգործության մատնելով պատգամավորներին խորհրդարանում, կարող է շատ ավելի վատ հետեւանք ունենալ, քան հակառակը` հարցը բարձրացնել ԱԺ-ում ու պահանջել մանրամասն քննարկումներ»,- նշում է Արծվիկ Մինասյանը: Ըստ Հովհաննես Մարգարյանի՝ «Դատապարտելով այս արատավոր պրակտիկան, որը գործում է մեզանում, իմ կարծիքով` քաղաքական ուժերը իրենց գործողություններով, տարբեր հարցերի վերաբերյալ իրենց դիրքորոշումներով են բնութագրվում»: Արծվիկ Մինասյանը համոզված է` խնդրի միակ լուծումը համակարգային փոփոխություններն են, որոնք անմիջականորեն կապված են սահմանադրական փոփոխությունների հետ. «Այս դեպքում շատ առարկայական է, որ ոստիկանությունը հաշվետվություն պետք է տա պառլամենտին, եւ այդ դեպքում, կարծում եմ, այդ հարցը չէր առաջանա` արդյոք բոյկոտենք, թե ոչ»: Ըստ նրա` բոլոր այն ուժերը, որոնք դատապարտում են բռնությունը, պետք է միասնական բանաձեւ ունենան, այլապես զարգացումները կունենան անդառնալի հետեւանքներ ամբողջ երկրի համար: