Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽ. Հայաստանի բանտերում մահացությունը կրկնակի բարձր է

Հասարակություն
abd882665d5373ae780868d8dea6857d

Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում մեկ բանտարկյալի վրա ծախսվող գումարի ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Հայաստանում։ Այս մասին նշվում է ԵԽ այսօր հրապարակած զեկույցում։ 2013թ տարեկան քրեական վիճակագրությունը /ԵՏՔՎ/ «Ա1+»-ին տրամադրել է կառույցի լրատվական ծառայությունը։ 2012թ համեմատ 2013թ բանտարկյալների թիվը մեր երկրում աճել է 7.8 %- ով. Հայաստանն այն 10 երկրների շարքում է, որտեղ բանտարկյալների թիվն աճել է ավելի քան 5%-ով: Ըստ վիճակագրության՝ ազատազրկվածների թիվը եղել է 4698, այսինքն՝155 բանտարկյալ 100.000 բնակչի հաշվով (ցուցանիշը միջինից փոքր- ինչ բարձր է ): Գերբեռնվածությունը, որի հետեւանքով մեկ անձին հասանելիք տարածքը կրճատվում է, ստանդարտներից դուրս է։ 100 հոգու համար նախատեսված տարածքում ապրում է 106 բանտարկյալ։ Հայաստանն այս առումով,սակայն, չի գերազանցում Իտալիային, որտեղ 100-ի համար նախատեսված տարածքում 148 հոգի է։ Անդորայում բանտային «տարածք»-ը լավագույնն է՝ 30 հոգի է ապրում 100 հոգու համար նախատեսված խցերում։ Կին բանտարկյալները ՀՀ-ում կազմում են 4.7 % , որը միջին ցուցանիշ է Եվրոպայի խորհրդի տարածաշրջանում։ Մոտավորապես 70 %-ը դատապարտված են 3-10 տարվա ազատազրկման. սա մոտ երկու անգամ ավելի բարձր է ԵԽ ցուցանիշից այս տեսակ դատավճիռների համար: Միայն Ադրբեջանում է այս ցուցանիշը ավելի բարձր (78 %)։ Մահացության ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելի բարձր է ԵԽ միջինից՝ 10.000 բանտարկյալից՝ 60 մարդ, որոնցից 6-ը ինքնասպանություն են գործել. սա միջին ցուցանիշ է ԵԽ-ի երկրներում։ 2012 թվականի ընթացքում ՔԿՀ ղեկավարության կողմից ծախսված ընդհանուր գումարը կազմում է 11.9 մլն եվրո: Միջին օրական ծախսը մեկ բանտարկյալի հաշվով գնահատվել է 6.65 եվրո, որը ամենացածր ցուցանիշների շարքում է եւ կարող է համեմատվել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են՝ Խորվաթիան, Վրաստանը և Մոլդովան: Դա 15 անգամ ավելի ցածր է, քան ԵԽ-ում միջինը` 98 եվրոն: Մեկ բանտարկյալի հաշվով միջին օրական ծախսի ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ռուսաստանում (օրական 2 եվրոյից մի փոքր բարձր) և Հունաստանում (օրական 3 եվրոյից մի փոքր բարձր): Մեկ բանտարկյալի հաշվով միջին օրական ծախսի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Շվեդիայում (օրը՝ 318 եվրո): Զեկույցը փաստում է, որ 2013թ եվրոպական երկրներում բանտարկյալի վրա ծախսվող գումարի չափը նվազել է տնտեսական ճգնաժամի ընթացքում, եւ դա իր բացասական ազդեցությունն է թողել անազատության մեջ գտնվողների կյանքի որակի վրա։ 2007-2012 թվականների ընթացքում անազատության մեջ գտնվողների թիվը, 100,000 բնակչի հաշվով , աճել է 2,7 %- ով։ Այնուամենայնիվ այս ցուցանիշը տարբեր է, որոշ երկրներում ցուցանիշը աճել է, մյուսներում՝ նվազել։ Մի փոքր աճ է գրանցվել օտարերկրյա կալանավորների ընդհանուր համամասնության մեջ (2013 թվականին կալանավորների 14,1 %-ը եղել են օտարերկրացիներ՝ համեմատած 2012 թվականի 13%-ի հետ). Այս համամասնությունը եղել է՝ ավելի քան 30%-ը Արևմտյան Եվրոպայի երկրներում և մոտավորապես 2 %-ը՝ Արևելյան Եվրոպայի երկրներում։ Եվրոպայի խորհրդի տարեկան քրեական վիճակագրության հետազոտությունը իրականացել է Լոզանի համալսարանի Քրեաբանության եւ քրեական իրավունքի ինստիտուտը։ 2013թ ԵՏՔՎ I հետազոտությունը ներառում է տեղեկատվություն 52-ից 50 բանտային վարչություններից, որոնք գտնվում են Եվրոպայի խորհրդի 47 պետություններում, մինչդեռ ԵՏՔՎ II- ը ներառում է տեղեկատվություն 47 պրոբացիոն գործակալություններից։