Հայաստանից կմասնակցեն միայն ազատոճայինները
Հայաստանի ազատ ոճի ըմբիշները փետրվարի 12-13-ին Իրանի Քերմանշահ քաղաքում կմասնակցեն Թախտիի գավաթի խաղարկությանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական կայքը: Մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 17 երկրների ֆեդերացիաներ: Յուրաքանչյուր քաշային կարգում հաղթողները կստանան 20.000-ական դոլար պարգեւավճար, 2-րդ տեղը գրավողները՝ 12.000-ական, 3-րդը՝ 8 հազարական: Բացի այդ, գերծանր քաշային կարգում լավագույն ճանաչված 3 ըմբիշները կստանան լրացուցիչ 40 հազարական դոլար: Մրցաշարի առաջին օրը Հայաստանից մրցագորգ կմտնեն Գոռ Գրիգորյանը, Միհրան Ջաբուրյանը (երկուսն էլ 57 կգ քաշային կարգ), Անդրանիկ Գալստյանը (97 կգ): Հաջորդ օրը մրցապայքարի կբռնվեն Արթուր Բաղդասարյանը, Նարեկ Սիրունյանը (65 կգ), Իշխան Պողոսյանը, Վալտեր Մարգարյանը (70 կգ), Վարուժան Կաջոյանը, Գեւորգ Համբարձումյանը (74 կգ), Վահե Թամրազյանը, Արման Մկրտչյանը, Շամիր Աթյանը (84 կգ): Ի դեպ, այս տարի կազմակերպիչները հրավիրել են նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշներին (նախկինում միայն ազատոճայիններն էին մասնակցում գավաթի խաղարկությանը), սակայն Հայաստանը ներկայացուցիչներ չի ներկայացրել այդ մրցումներում, քանի որ մեր այդ ոճի ըմբիշները պատրաստվում են աշխարհի գավաթի խաղարկությանը: