Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ն. Փաշինյանի հարցը Պերմյակովի մասին լիարժեք պատասխան չստացավ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hak

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ ՀՀ պետական սահմանի խախտման ու դրան հաջորդող իրավական գործընթացներին: Նա մասնավորապես խոսեց հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած 7 անձանց սպանության եւ գլխավոր մեղադրյալ, Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովի գործողություններին, երբ նա փորձել էր հատել հայ-թուրքական սահմանը: Պատգամավորն ընդգծեց, որ քրեական գործում կարմիր գծով նշվում է, որ Պերմյակովը սահմանախախտ է. «Բոլոր սահմանախախտների դեպքում կազմվում է համապատասխան ակտ, առգրավվում են նրա մոտ հայտնաբերված բոլոր իրերը, իսկ ապա հանձնում ոստիկանությանը: Պերմյակովի դեպքում նրան հանձնել են ոչ թե ՀՀ մարմիններին, այլ տեղափոխվել Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազա: Ինչո՞ւ կառավարության համապատասխան մարմինները չեն ապահովել օրենքի կետերի կիրառումը»: Պարոն Փաշինյանը նաեւ նշեց, որ ՀՀ Գլխավոր դատախազը դիմել է ՌԴ իր գործընկերոջը` գործի վարույթը փոխանցելու ՀՀ իրավապահներին. «Ի՞նչ վարույթը տեղափոխելու մասին է խոսքը, ՀՀ քննչական մարմինները բազմիցս ասել են, որ իրենք են վարույթն իրականացնում: Արդյոք մեր կառավարությունը կպահանջի, որ ապօրինությունը վերացվի, ու Պերմյակովը վերադարձվի իրավապահներին»: Նրա հարցին պատասխանեց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նա հայտարարեց, որ ՀՀ համապատասխան պաշտոնյաներն արդեն տվել են բացատրություններ, եւ դրանից առավել կառավարությունը նպատակահարմար չի համարում հավելյալ տեղեկություններ հաղորդել մի շարք պատճառներով. «Մենք մտահոգված ենք, որ նախաքննության մեջ գտնվող գործին կարող են անհարկի միջամտություններ լինել՝ քաղաքական ու հուզիչ ելույթներն ու հայտարարությունները: Կառավարությունը հայտնում է իր պատասխանատվությունը խնդրի այնպիսի լուծմանը, որը ոչ միայն կլինի օրինական, այլեւ արդար լուծման վերաբերյալ հանրության պատկերացումներին համահունչ»: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ոչ մեկը չէր սպասում, որ նախարարը, մոտենալով ամբիոնին, պետք է քաղաքական կամ հուզական հայտարարություններ աներ. «Ընդամենն ուզում էի իմանալ` ինչո՞ւ իրավական դրույթի կատարումը չի ապահովվել»: «Պարոն Փաշինյան, իմ նշած հուզական, քաղաքական ելույթները ձեր հարցադրմանը չէին վերաբերում: Ուղղակի կառավարության դիրքորոշումն էի արտահայտում:Կառավարությունն իր իրավասության շրջանակներում անում է ամեն ինչ»: