Հաղորդում հանցագործության մասին. Ժառանգություն
ՀՀ գլխավոր դատախազ պարոն Գևորգ Կոստանյանին Պատճենը` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պարոն Կարեն Անդրեասյանին Հաղորդում հանցագործության մասին Գործի նկարագրությունը 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի 188 տանը տեղի է ունեցել յոթ անձանց սպանություն, այդ թվում երկու մանկահասակ երեխաների, նրանցից մեկին՝ վեցամսյա Սերյոժա Ավետիսյանին պատճառվել էր ծանր մարմնական վնասվածքներ, որի հետևանքով նա մեկ շաբաթ անց մահացել է հիվանդանոցում: Համաձայն ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանի հայտարարության` շտապ օգնության կայանից հաղորդում է ստացվել այն մասին, որ Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը կան հրազենային վնասվածքից մահացածներ, դեպքի վայր մեկնել է օպերատիվ խումբը, և օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է Սերյոժա Կարապետի Ավետիսյանի, Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանի, Արմեն Սերյոժայի Ավետիսյանի, Արաքս Անդրանիկի Ավետիսյանի, Աիդա Սերյոժայի Ավետիսյանի, Հասմիկ Արմենի Ավետիսյանի դիակները հրազենային վնասվածքի հետքերով. Սերյոժա Արմենի Ավետիսյանին տեղափոխել են հիվանդանոց: Ենթադրյալ հանցագործը դեպքի վայրում թողել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը՝ ինքնաձիգը, իր զինվորական համազգեստը և դիմել փախուստի: