«ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԵՑ ԻՐ ԱՌԱՋԻՆ ԿԱՌՈՒՅՑԸ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Գյումրիում հիմնադրվեց «Հանրապետություն» կուսակցությունից դուրս եկած Ալբերտ Բազեյանի եւ Վաղարշակ Հարությունյանի հիմնած «Ազգային վերածնունդ» կուսակցության Շիրակի տարածքային կազմակերպությունը:
Տարածքային կազմակերպության նախագահ ընտրվեց մեկ ամիս առաջ «Հանրապետություն» կուսակցությունից «հեռացված», իսկ ըստ կազմակերպության ղեկավարի, ինքնալուծարված կառույցի ղեկավար Հունան Մազմանյանը: Վերջինս հիմնադիր կոնֆերանսի ժամանակ հայտարարեց, որ իր ղեկավարած կառույցի` նախկին «Հանրապետության» 263 անդամից 257-ը «Ազգային վերածնունդին» անդամակցելու հայտ են ներկայացրել: Մյուս 6 հոգուց երեքը հանրապետությունում չեն, իսկ երեքը պասիվացել էին դեռ 1,5 տարի առաջ: Հունան Մազմանյանը նաեւ տեղեկացրեց, որ բացի «Հանրապետության» նախկին անդամներից, եւս 79 հոգի անդամագրվել են նորաստեղծ կուսակցությանը. այսինքն այս պահի դրությամբ, միայն յումրիի տարածքային կազմակերպությունն ունի 336 անդամ:
Կոնֆերանսի ժամանակ կուսակցության հիմնադիր անդամներ Վաղարշակ Հարությունյանն ու Ալբերտ Բազեյանը իրենց կուսակցության շարքերին տեղեկացրին «Հանրապետությունից» դուրս գալու եւ նոր կուսակցություն հիմնելու դրդապատճառներն ու հիմքերը:
Վաղարշակ Հարությունյանը նախ շնորհակալություն հայտնեց անցած ճանախարհի համար, եւ հայտարարեց, որ կուսակցության` «Հանրապետության» քաղաքականապես ամենապատրաստված կառույցը Գյումրիի կառույցն է եղել եւ շարքերին տեղեկացրեց, որ իրենց` «Ազգային վերածննդի» քաղաքական խնդիրը չի փոխվել. իրենք հետամուտ են լինելու իշխանափոխության, որը ինքնանպատակ չի լինելու. դրա արդյունքում պետք է բարելավվի մարդկաց կյանքը: «Մենք շարունակելու ենք մնալ «Արդարություն» դաշինքի հետ, շարունակելու ենք համագործակցել «Ազգային միաբանության» հետ»,-ասաց գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը եւ նկատեց, որ ով այսօր նոր դաշինք ստեղծելու մասին է խոսում, նա լուծում է միայն լիդերի խնդիր: Իսկ ընդդիմությունը կհաղթի միայն այն դեպքում երբ ժողովուրդը տեսնի միասնություն, վստահի այդ ուժին եւ գնա նրա հետեւից. իրենք լիդերի խնդիր չեն լուծում: Այդ պատճառով 2001 թվականից ընդդիմադիր պայքարի հիմնասյուն ՀԺԿ եւ ԱՄ-ի հետ են շարունակելու պայքարը:
Ալբերտ Բազեյանն էլ ընդգծեց, որ իշխանությունը ընդդիմության դեմ պայքարում մոռացավ հակասություններն ու տարաձայնությունները եւ համախմբվեց, իսկ ընդդիմության շարքերում ինչ-որ մարդիկ խարդավանքների ու հերյուրանքների միջոցով պառակտում են փորձում գցել. «Ընդդիմությունը չի պառակտվել. դրանք կեղծ գնահատականներ են. ոչ մի կտոր ընդդիմությունից չի պոկվել ու չի միացել իշխանությանը»: Ալբերտ Բազեյանը տեղեկացրեց, որ դաշինքից եւ ԱՄ-ից բացի ամենասերտ համագործակցություն են ունենալու Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» կուսակցության հետ: «Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր բարոյական, գաղափարական սկզբունքներին, անկախ նրանից` կհաղթենք, թե՞ կպարտվենք: Դուք երբեք չեք ամաչելու մեր գործունեության համար»,-ասաց Բազեյանը եւ խոստացավ, որ իրենց կուսակցությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ժողովրդից խլված իշխանությունը վերադարձվի ժողովրդին: Իսկ դա արվելու է ոչ թե սրա կամ նրա աջակցությամբ, այլ ժողովրդի կամքով ժողովրդի օգնությամբ: Ի դեպ, Հունան Մազմանյանից տեղեկացանք, որ «Հանրապետությունն» առայժմ յումրիում տարածքային կառույց չունի:
«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆՎՏԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎԵԼ ՎԱՂԸ. ԱՅՆ ՊԵՏՔ Է ԱՊԱՀՈՎՎԱԾ ԼԻՆԻ ՄԻՇՏ»
«Ազգային վերածնունդ» կուսակցության յումրիի տարածքային կազմակերպության հիմանդիր կոնֆերանսին ներկա էին յումրիի ՀԺԿ, «Ազգային միաբանություն», «Ժառանգություն» կուսակցության տարածքային կազմակերպություների ղեկավարները, ինչպես նաեւ անդամներ ԵԿՄ-ից: Նրանցից օրինակ Ավետիք Մելքոնյանը Ալբերտ Բազեյանին հարցրեց, թե ինչո՞ւ իրենք` հիմնադիր անդամները դուրս եկան կուսակցությունից, ոչ թե Արամ Սարգսյանը: Ա. Բազեյանը պատասխանեց, որ իրենք Վազգեն Սարգսյանի եղբոր հետ մրցակցելու խնդիր չունեն: Իսկ մեկ այլ ԵԿՄ-ական Արտյուշա Չարչօղլյանը հարցրեց, թե ինչու Բազեյանն ու Վաղարշակ Հարությունյանը լռում էին, երբ Սարգսյանը Ռուսաստանի դեմ հայտարարություններ էր անում: «Օրինակ գյումրեցիներին եթե այսօր հարցնեք, թե համաձա՞յն են ռուսական ռազմաբազաները յումրիից հանել, 99 տոկոսը կասի` ոչ, որովհետեւ թուրքական 4-րդ բանակը սահմանի վրա կանգնած է»: Վաղարշակ Հարությունյանը կիսելով հարցադրողի տեսակետը, տեղեկացրեց, որ նաեւ այդ տարաձայնության պատճառով են իրենք այսօր նոր կուսակցություն հիմնում: «Անվտանգությունը չի կարելի ապահովել վաղը. այն պետք է ապահովված լինի այսօր եւ միշտ»,- ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ ՆԱՏՕ-ին անդամագրվելու «Հանրապետություն» կուսակցության ղեկավարության «իրականությունից կտրված ցանկությանն» այսպես պատասխանեց պաշտպանության նախկին նախարարը:
«Մենք ռուսամետ չենք, մենք կողմնակից ենք Հայաստանի շահերից բխող սթափ եւ հավասարակշռված քաղաքականության»,-լրացրեց Բազեյանը: