Ցեղասպանության մասին գրքի շնորհանդես Նյու Յորքում
Հունվարի 23-ին Նյու Յորքի Հայ կենտրոնում տեղի ունեցավ ամերիկահայ անվանի գրող, ՀՀ Գրողների Միության անդամ, դոկտոր Հրանտ Մարգարյանի «Նահատակ հայ գրողներ 1915-1922» գրքի շնորհանդեսը, որի հովանավորներն էին ԱՄՆ –ի արևելյան շրջանի, Կիլիկիո թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը, Նյու Յորքի Համազգայինի հայ կրթական և մշակութային միությունը։Երեկոն բացեց Սբ․Լուսավորիչ Մայր եկեղեցու հովիվ Տեր Մեսրոպ Լագիսյանը։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին 1915թ․ 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Օրվա հանդիսավարն էր Սրբոց Նահատակաց Ազգային վարժարանի տնօրենուհի, վաստակաշատ մանկավարժ Զարմինե Պողոսյանը, որը նշեց՝ սա առաջին միջոցառումն է՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-տարելիցին։
Շնորհանդեսին իրենց սրտի խոսքն ասացին Արամ Հայկազի դուստրը՝ Այրիս Չեքենյանը, Մերձավոր և Միջին Արևելքի կազմակերպության նախագահ Շանթ Մարտիրոսյանը, բժիշկ Ջորջ Տերմխսյանը, Կիլիկիո թեմի փոխառաջնորդ սրբազան Անուշավան Դանիելյանը։ Շնորհավորական ուղերձներ հղեցին Լիբանանի Համազգայինի Կենտրոնական Վարչությունը, Հայաստանի Համազգայինի գրասենյակը։
․․․Հրանտ Մարգարյանի գործը ներկայացվում է ոչ միայն հայ իրականությանը, այլև անգլախոս հասարկությանը։Գիրքն արժեքավոր է նաեւ այն պատճառով, որ գրված է անգլերեն։ «Սա մեծագույն նվեր է, Ձեր նվերը մեր երիտասարդությանը և գալիք սերունդներին՝ Հայոց ցեղասպանության ճանաչում և դատապարտում»,- իր շնորհավորական և շնորհակալական խոսքում ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեսաձայնագրությամբ:
Ներկաները ջերմությամբ ընդունեցին գրքի հեղինակին՝ Հրանտ Մարգարյանին, որը ներկայացրեց գիրքը։ Նահատակ հայ նշանավոր գրողների ստեղծագործությունների ընթերցումով հանդես եկան Նաթելա Գաբրիելյանը, Վեհ-Յառաջ Պզտիկյանը, Երազ Մարգարյան-Մեսչյանը, Աիդա Զիլելյան-Սալաքը։
Գրքի շնորհանդեսին ներկա էր և իր ջերմ շնորհավորական խոսքն ասաց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, արտակարգ և լիազոր դեսպան Զոհրաբ Մնացականյանը։
Գրքի շնորհանդեսը ավարտվեց Ավետիս Հաճյանի փակման խոսքով։
Ռոբերտ Կարապետյան
Նյու Յորք
Լուսանկարները՝ հեղինակի
