Զ. Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց ԱԺ-ում (տեսանյութ)
«2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով, ԱԺ լսումներին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ այսօր քրեական գործ է հարուցված միայն սպանության գործով, մինչդեռ ՀՀ-ում այդ դեպքերի ենթատեքստում կատարվել են մի շարք այլ հանցագործություններ եւս. «Քրեական գործ չի հարուցվել այն մասով, թե ինչու Պերմյակովին ռուս սահմանապահները, համաձայն մեր օրենքների ու համաձայնության, չեն հանձնել հայ իրավապահներին: Բացի այդ, պետք է քրեական գործ հարուցվի ՀՀ ԱԱԾ-ի անգործության մասով, ռուս սահմանապահների, ինչպես նաև ռուսական ռազմաբազայի նկատմամբ, որոնք թույլ են տվել ապօրինի գործողություններ: Ես հիմա հաղորդում եմ տալիս հանցագործության մասին ու խնդրում ընթացք տալ: Պետք է դուք դիմեք, որ այդ անձին՝ Պերմյակովին փոխանցում անեն հայկական կողմին, քանի որ դա ՌԴ կողմի իրավասության հետ բացարձակ կապ չունի»: ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորին նրա վերջին հարցի վերաբերյալ՝ ասելով. «Դուք իրավացի եք՝ արդյոք ռուս զինվոր Վալերի Պերմյակովն ապօրինի, թե՞ օրինական ճանապարհով է ռուս սահմանապահի մոտ հայտնվել ու հայտնվել ռազմաբազայի ենթակայության ներքո: Այս ամենի պարզելու ընթացքում, երբ քրգործով ձեռք կբերենք բավարար հիմքեր, մենք կդիմենք ՌԴ կողմին»: