Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր կառուցվող տարածքը 5 խանութների փլուզման պատճառ է դարձել. լուսանկարներ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
screenshot00004

«Էրեբունու» նախկին շուկայի տարածքում փողոցի երկայնքով կառուցված խանութներից հինգը հայտնվել են փոսում (մոտ 15 մ)։ Կա նաև ևս երեք խանութի փլուզման վտանգ: Տեղի ունեցած փլուզման պատճառը դեռևս հայտնի չէ։ Նախնական տվյալով, տվյալ խանութների հարակից տարածքում կառուցվող շինության համար փորված հիմքի եզրաշերտի հողազանգվածը սահել է, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել փլուզումը։ Բնակիչներից ոմանք պնդել են, թե խանութների տերերին նախապես զգուշացվել է փլուզման վտանգի մասին, և ոմանք տարհանել են ներսում եղած իրերը։ «Միշտ անցել եմ այս հատվածով ու տեսել եմ, որ վտանգ կա։ Երկու օր առաջ էլ մտա խանութներն ու զգուշացրեցի այդ մասին։ Երեկ շատ խանութներ դատարկում էին ապրանքը»,-նշել է տեղի բնակիչ, շինարար Անդրանիկ Մինասյանը։ Սակայն փոսում հայտնված իրերից պարզ է դառնում, որ ոչ բոլորն են դա արել։ Արտակարգ իրավիճակների նախարարությունն առավոտյան 6.30-ի սահմաններում է ստացել կանչը։ «Մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբն անմիջապես ժամանել է դեպքի վայր։ Տեղում սահմանազատվել է տարածքն, անվտանգ գոտի է ստեղծվել»,-հայտնել է ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության Էրեբունու բաժնի պետ Սարգիս Ավետիսյանը։ Բնակիչներն էլ զայրացած են։ «Հարգելի ընկեր, որ կառուցում ես, բարի եղիր համապատասխան մարդկանց ներգրավես նախագծի մշակման համար։ Նախքան կառուցելը նախագիծը պետք է ստանա համապատասխան կառույցների թույլտվությունը, որը չկա։ Կարծում եմ՝ Քաղաքապետարանի կողմից էլ համաձայնեցում չի եղել։ Ո՞ւր է երկրաբանի եզրակացությունը, չկա։ Ինչ կառույց ուզում է՝ լինի, անհրաժեշտ է համապատասխան համաձայնեցում»,-շեշտել է տեղի բնակիչ, ինժեներ-նախագծող Նշան Ավագյանը։ Բնակիչների շրջանում լուրեր էին շրջանառվում, թե տեղի կառույցն առևտրի կենտրոն է լինելու և պատկանում է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։ Նշենք, որ տեղում աշխատում են նաև ոստիկանության էրեբունու բաժնի պարեկապահակային ծառայության գնդի 1-ին վաշտի ծառայողները և «Երևան Ջուր» ՓԲԸ աշխատակիցները։ Տեսանյութը՝ քիչ ուշ screenshot00001 screenshot00003 screenshot00002 screenshot00005