Վ. Պերմյակովը ռուսական կողմի մոտ է՝ «մեծ եղբոր» ճնշմամբ (տեսանյութ)
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին գնդակահարելու մեջ մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովի ռուսական կողմի մոտ գտնվելու փաստը անհանգստացնում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին։ Նա համոզված է՝ այդ փաստը քաղաքական որոշում է, ոչ թե զուտ պատահականություն. «Այդ որոշումը տեղի է ունեցել «մեծ եղբոր» ճնշման հետեւանքով»։ Իրավապաշտպանը նաեւ իրավապահ մարմինների անգործությունն է այստեղ տեսնում. «Ինչպե՞ս է բազայում հայտնվել այդ զինվորը, չէ՞ որ նա հանցագործությունից հետո ռուսական ռազմաբազա չի գնացել, փախել է, ո՞ւր էին մեր իրավապահները, ոստիկանապետը խոսում է իրենց պրոֆեսիոնալիզմի մասին, բա ի՞նչ էին անում այդքան ժամանակ, որ չբռնեցին»: Փաստաբան Արտակ Զեյնալյանը նույնպես դժգոհ է իրավապահների աշխատանքից. «Ինչո՞ւ չի սանրվել ամբողջ տարածքը: Երեւանում երթուղայինի մեջ մարդ փնտրելու փոխարեն թող գնային Գյումրի ու նույն ջանասիրությամբ աշխատեին, ինչ երեկ Ազատության հրապարակում»: Անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին, որի ժամանակ, հիշեցնենք, Ավետիք Իշխանյանը բերման էր ենթարկվել, իրավապաշտպանը վստահեցրեց, որ ցույցը խաղաղ է եղել. «Այնտեղ հավաքվածները միայն երգում էին «Մեր Հայրենիքը», ու հանկարծ ոստիկանները սկսեցին հրմշտել, շատերը քաղաքացիական հագուստով էին, բրդեցին դեպի մայթ, ու սկսվեց մարդաորս, սկսեցին առաջինը տանել դրոշ բռնողներին, այդ ամենը կարող եմ նկարագրել մեկ բառով՝ բեսպրեդել»; «Գյումրիում տեղի ունեցած միջադեպը, եթե անգամ սկզբում իրավական է եղել, ապա այն արդեն դարձել է քաղաքական,- վստահ է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:-Խախտվել է միջազգային պայմանագիր , նրանք պետք է հանձնեին զինվորին մեզ, հատկապես որ նա քաղաքացիական հագուստով էր ու առանց անձնագրի, ոնց են որոշել՝ ով է նա»; Ըստ պատգամավորի, քաղաքական խնդիր է նաեւ, որ անհասկանալի պատճառներով չի հայտարարվում սգո օրեր. «Դա կլիներ մեսիջ իշխանության կողմից, եւ գուցե ժողովուրդը հանդարտվեր ու հասկանար, որ պատասխանատվություն կլինի; Ֆրանսիայում համաեվրոպական սուգ էր, իսկ այստեղ ոչինչ: Մեր թշնամին հաստատ հիմա հրճվում է»: «Ա1+»- ի հարցին, թե այսօր ինչ պետք է անեն իշխանությունները վերջնականապես չխայտառակվելու համար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Պետք է սպանության շարժառիթը բացահայտվի, ինձ շատ հետաքրքիր է դա, էն, ինչ ասում են, լուրջ չէ։ Գուցե դա դիվերսիա է, ոչինչ չի բացահայտվել: Եվ երկրորդ՝ եթե մեզ չհանձնեն, գոնե պետք է դատավարությանը ակտիվ մասնակցենք ու հետեւենք, որ նա իր պատիժը կրի»։ Իրավապաշտպան Ավետիք իշխանյանին զարմացնում է, որ հեռուստաընկերությունները ակտիվ չէին ներկայացնում այն, ինչ երեկ կատարվում էր Գյումրիում: «Իշխանությունները պետք է ամեն ժամ ներկայացնեին իրավիճակը, բայց մենք միայն ֆիլմեր էինք տեսնում եթերում»: