Հետաքննությունը կլինի օբյեկտիվ եւ համապարփակ. ՌԴ դեսպան
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը Գյումրիի ողբերգության առիթով պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել: Հաղորդագրությունը հրապարակվել է ՌԴ դեսպանատան կայքում. «Ես դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Այսօր Գյումրիում վերջին հրաժեշտը տվեցին Ավետիսյանների ընտանիքին: Եվս մեկ անգամ կցանկանայի ցավակցություն հայտնել նորմալ մարդու գիտակցության մեջ չտեղավորվող հանցավոր գործունեության անմեղ զոհերի հարազատներին եւ մտերիմներին: Նման գազանությունները չունեն արդարացում: Դրանք չունեն ոչ ազգություն, ոչ պետական պատկանելիություն: Դեսպանատան բոլոր աշխատակիցները Հայաստանի եղբայրական ժողովրդի հետ կիսում են այս կորստի ցավը: Համոզված եմ, որ հանցագործը կպատժվի օրենքի ողջ խստությամբ: Հայկական եւ ռուսական համապատասխան մարմինները համատեղ հետաքննություն են անցկացնում: Այն կլինի օբյեկտիվ եւ համապարփակ: Ես դրանում չեմ կասկածում: Հայ-ռուսական բարեկամության բազմադարյան պատմության մեջ եղել են նաեւ դժվար էջեր, սակայն մենք միշտ համատեղ ուժերով հաղթահարել ենք ծագող դժվարությունները: Հավատում եմ, որ այսպես կլինի նաեւ հիմա»: