Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հնարավոր է՝ ռուս զինվորականն անմեղսունակ ճանաչվի (տեսանյութ)

Հասարակություն
norikyan

Փաստաբան Նորայր Նորիկյանի համար Գյումրու դեպքի առնչությամբ բազմաթիվ ինչուներ կան։ Ինչո՞ւ են ռուս սահմանապահները բռնել մեր պետական տարածքում գտնվող զինվորականին, ինչո՞ւ են իրենք դոմինանտ դեր ունենալու նրան դատապարտելու գործում և այլն։ Փաստաբանի համար նաև անհասկանալի է մեր իրավապահ մարմինների, Դատախազության և այլ օղակների պահվածքն ու քայլերը։ «ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ասում է. «Այդ սրիկան»։ Քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ, որակումներ տալ չի կարելի»,-վստահ է պարոն Նորիկյանը։ Նրա պրակտիկայում դեպք չի եղել, որ զինվորականը զորամասից դուրս գա, հետո մտնի այլ տարածքում գտնվող տներից մեկը, ջուր խնդրի, իսկ հետո էլ սպանի ընտանիքի 6 անդամներին։ Փաստաբանը կոչ է անում մեր երկրի պետական և իրավապահ մարմիններին՝ միասնական լինել։ Պարոն Նորիկյանը զարմացած է, թե ինչու է հենց ՌԴ սահմանապահների կողմից հայտնաբերվել ենթադրյալ կասկածյալը։ «Բայց ցանկացած դեպքում էլ նրանք պարտավոր էին այդ անձին հանձնել Հայաստանի իրավապահ մարմիններին»,-շեշտել է փաստաբանը։ Նա նշել է, որ մեր երկրի իրավազորության ներքո է այդ տարածքը և մեր իրավապահները պետք է գործը քննեն և վերջնական վճռի գան։ Փաստաբանը չի բացառում, սակայն, որ իրականում Պերմյակովը կատարած չլինի այդ հանցագործությունը, քանի որ միանգամից այդքան ապացույցների առկայությունը, նաև նրան վերագրվող գործողությունների ամբողջ շղթան կասկածելի է։ Պարոն Նորիկյանը նաև նշել է, որ եթե ռուս զինվորականի մեղքն ապացուցվի, նրան՝ մեր օրենսդրությամբ դատապարտելու դեպքում, ցմահ ազատազրկում է սպասվում։ «Բայց չի բացառվում, որ նա հայտարարվի մոլագար և արդյունքում անմեղսունակ ճանաչվի»,-եզրափակել է փաստաբանը։