Հայի ու ռուսի տարբերությունը (տեսանյութ)
Արարատի մարզի Դիմիտրով գյուղի բնակիչ Կոստյա Դավիդովն ասորի է, սակայն իրեն չի տարբերում հայերից։ Նա ծնվել ու ապրում է ՀՀ-ում, սակայն նրա 6 երեխան գյուղում հայկական դպրոցի բացակայության պատճառով ստացել են ռուսական կրթություն եւ այժմ իրենց ընտանիքներով ապրում են ՌԴ-ում: Կոստյա Դավիդովը հաճախակի է նրանց այցելում, սակայն չի պատրաստվում տեղափոխվել մշտական բնակության։ Նա կարծում է՝ «Ռուսի հետ ուզում ես կեր-խմի, նա մտածում է, որ ես պարտավոր եմ նրան կերցնեմ-խմցնեմ: Եթե ես մի հայի հյուրասիրեմ, նստենք սեղանի շուրջ, իմ օջախի մեջ ուտեմ-խմեմ, վաղն ինքն է կանչելու: Այ սենց ընկերություն, ախպերություն, բարեկամություն կա»: Նույն կերպ նա չի վստահում նորաստեղծ ԵՏՄ-ին, որին ՀՀ-ն պաշտոնապես անդամակցեց հունվարի 2-ից։ Կոստյա Դավիդովն ամուսնացել է հայ կնոջ հետ եւ համոզվել` երկու ազգերի ավանդույթների մեջ գրեթե տարբերություն չկա. «Տարբերությունը միայն նա է, որ Զատիկի մասին է խոսքը, հայերն իրիկունն են Զատիկ անում, մենք` ասորիներս, առավոտ: Ինչի համար, պատճառն ինչն է` Հիսուսը խաչեցին…ասելով հայերը հավատացին, որ Հիսուսը ողջ է, բայց ասորիները մինչեւ չտեսան, որ ողջ է, նոր հավատացին ու Զատիկ նշեցին»: Նրա կինը` տիկին Գրետան, տանտիկնոջ հոգատարությամբ աշխատում է պահպանել տան կարգուկանոնն ու ջերմությունը: Այս տարի հրաժարվել են գազ օգտագործել` թանկ է. «Բակի ծառերից երկու հատ կտրել ենք` մի հատ ծիրանի, մի հատ` թութ: Արդեն պիտանի չէին: Ծիրանը շատ բարձր էր, էլ քաղել չէր լինում, անհարմար ծառեր էին: Թութն էլ խանգարում էր, բերքատու չէր»: Որքան էլ ամուսինները ջանասիրաբար աշխատեն, միեւնույն է, կարողանում են ծայրը ծայրին հասցնել երեխաների ուղարկած գումարներով: Մանրամասներ՝ տեսանյութով