Աղասի Այվազյանի այրին բաց նամակ է հղում Սերժ Սարգսյանին
Վիպասան, դրամատուրգ, նկարիչ Աղասի Այվազյանի այրին բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին. Ներեցեք, բայց իրավիճակը ստիպում է այս կերպ դիմել Ձեզ՝ 2 կարեւոր հարցի առիթով. 1. Իհարկե, ես գիտեմ, որ տարածքի տրամադրումը ոչ թե Մշակույթի նախարարության, այլ Քաղաքաշինության նախարարության եւ Պետգույքի կառավարման վարչության իրավասության ներքո է, սակայն Աղասի Այվազյանի տուն-գրադարան-թանգարանի ստեղծման մասին իմ՝ Ձեզ ուղղված խնդրանքի պատասխանը ես նորից ստացա Մշակույթի նախարարությունից։ Մի՞թե նրա ստեղծագործական ժառանգությունը՝ արխիվ, նկարներ, գրադարան, այդպես էլ կմնա անհայտության մեջ ինձնից հետո։ 2. Հասկանալի է, Ցեղասպանության 100-ամյակը կմթագնի գրողի 90-ամյա հոբելյանը։ Բայց համազգային արդարադատության պահանջի հետ պետք է արդարություն հաստատել նաեւ սեփական տանը։ Պետք է Աղասի Այվազյանին վերադարձնել «Երազ իմ երկիր» երգի հեղինակային իրավունքը, քանզի Ռոբերտ Ամիրխանյանը միայն երգի երաժշտության հեղինակն է։ Ահա՝ մեր ժամանակակից մշակույթի 2 կարեւոր խնդիրները, ինչի լուծման համար ես դիմում եմ Ձեր բարձրագույն միջամտությանը՝ ցավոք բաց տեքստով։