«Շատերը պատվիրում են Բաշար ալ-Ասադի նկարը». սիրիահայ (տեսանյութ)
Սիրիահայ Կարապետ Գալստյանը ձեռագործությամբ զբաղվում է արդեն հինգ տարի։ Հմտությունները մորից է սովորել։ Դեռեւս այն ժամանակ Սիրիայում բնակվող երիտասարդի առաջին աշխատանքը Հայաստանի դրոշն է եղել։ Ֆեյսբուքյան «Էրգիր ձեռագործ աշխատանքների կենտրոն» էջում նա տեղադրում է իր աշխատանքներն ու պատվերներ ընդունում։ Ամսական դրանց թիվը մոտ 60 է լինում։ Հայաստանից պատվիրատուները քիչ են։ Գնորդները հիմնականում արաբական երկրներից են։ Շատերը պատվիրում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի նկարը։ Դեռ սկսնակ է ձեռագործ աշխատանքներում, սակայն հուսով է, որ ճանաչում է ձեռք բերելու։ Մանավանդ, որ ձեռագործության այս ճյուղով արական սեռի շատ քիչ ներկայացուցիչներ են զբաղվում.«Ուզում եմ՝ միշտ 100 տոկոս նկարը լավ լինի, որ հաճախորդները նորից գան»։ Երիտասարդը ջանքեր է գործադրում, որ իր աշխատանքները տարբերվեն. «Ինձ համար կարեւորը ծախսը չէ, այլ, որ նկարը հաջող ստացվի»: Հայաստանում շատերը պատվիրում են սրբապատկերներ, Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ սիրո թեմայով աշխատանքներ, տարբեր երկրների դրոշներ, ֆուտբոլային թեմաներով նկարներ։ Գները սկսվում են 5000 դրամից։