«Միկան» վերսկսել է մարզումները, իսկ «Ուլիսը»՝ ոչ
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի թիմերը սկսեցին պատրաստվել առաջնության գարնանային հատվածին: Ինչպես տեղեկացնում է Երեւանի «Միկայի» մամուլի ծառայությունը, թիմն այսօրվանից վերսկսել է մարզումները: Առաջին պարապմունքին մասնակցել են 23 ֆուտբոլիստներ: Բացակայել է միայն բրազիլացի պաշտպան Ալեքսը, որը թիմակիցներին կմիանա հունվարի 10-ին: «Միկան» մինչեւ փետրվարի 7-ը կմարզվի Երեւանում, իսկ փետրվարի 8-ին կմեկնի Կիպրոս, որտեղ կանցկացնի երկշաբաթյա ուսումնամարզական հավաք: Երեկ մարզումներն է վերսկսել նաև Գյումրիի «Շիրակը»: Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, մինչեւ հունվարի 12-ը շիրակցիները կմարզվեն Գյումրու Քաղաքային մարզադաշտում։ Թիմին դեռեւս չի միացել հարձակվող Ժան Ժակ Բուգուին, որը փաստաթղթերի հետ կապված խնդիրների ունի։ Հայաստանի առաջնության առաջատար Երևանի «Ուլիս»-ը ձմեռային արձակուրդից կվերադառնա հունվարի 10-ին: Թիմից հեռացել է սերբ կենտրոնական պաշտպան Սլոբոդան Լալիչը: «Ուլիսի» շարքերը համալրել են «Բանանցի» նախկին ֆուտբոլիստ Նիկա Պիլիեւը եւ վրացի պաշտպան Իրակլի Չեժիան: Առաջատարը նախատեսել է ուսումնամարզական հավաքներ Անթալիայում: