«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդն ու Հայտնությունը: Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ ըստ եկեղեցական կարգի օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո: Հունվարի 5-ի երեկոյան եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի ս. պատարագ: Ճրագալույց բառը նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, վառել: Այդ օրը եկեղեցում վառված ճրագները մարդիկ տուն են տանում: Վառվող ճրագները խորհրդանշում են բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ: Հավատացյալները Քրիստոս Մանուկի Ս. Ծննդյան լույսն էլ եկեղեցուց տուն են տանում` հավատալով, որ աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը այդ կերպ հասցնում են իրենց օջախներ: Քանի որ Ս. Ծննդյան տոնին նախորդում է պահքի շրջանը, հավատացյալներից շատերը պահքից դուրս են գալիս Ճրագալույցի Ս. Պատարագի վերջում Ս. Հաղորդություն ստանալով: Հունվարի 5-ի երեկոյից մարդիկ միմյանց ողջունում են` «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ: Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի: Ձեզ եւ մեզ մեծ Աւետիս»: Հունվարի 6-ին, Ս. Պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում: Առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը կմատուցվի Արարատյան Հայրապետակայն թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ: Ս. Պատարագի ավարտին կկատարվի ջնօրհնեքի կարգ, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի` Հորդանան գետում Ս. Հովհաննես Մկրտչի ձեռքով մկրտվելը եւ աշխարհին հայտնվելը: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին