Զավեն Անդրիասյանը շարունակում է հետապնդել առաջատարին
Նոր տարուց առաջ տարբեր երկրներում անցկացվում են բազմաթիվ շախմատային մրցաշարեր: Հայաստանի շախմատիստներ Զավեն Անդրիասյանը, Վահե Բաղդասարյանը եւ Տիգրան Սիմոնյանը մասնակցում են հոլանդական Գրոնինգենի ուժեղագույն մրցաշարին: Մեր գրոսմայստերը կայացած 7 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր եւ բաժանում է 2-6-րդ տեղերը: Զավեն Անդրիասյանը ընդամենը կես միավորով է ետ մնում միանձնյա առաջատար, գերմանացի Ալեքսանդր Դոնչենկոյից: Այսօր նախատեսված նախավերջին 8-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով կմրցի հոլանդացի գրոսմայստեր Բենժամին Բոկի հետ: Առաջին եռյակում տեղ ապահովելու համար նրան հարկավոր է հաղթանակ տանել: Միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը 5 միավորով բաժանում է 7-16-րդ տեղերը: Նրա այսօրվա մրցակիցն է ռուսաստանցի Ալեքսանդր Ռահմանովը: Սպիտակներով հանդես կգա մեր շախմատիստը: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար միանշանակ պետք է հաղթել մնացած երկու տուրերում: Միջազգային վարպետ Տիգրան Սիմոնյանն իր ակտիվում ունի 4 միավոր եւ ավելի համեստ` 31-րդ տեղն է զբաղեցնում: Ֆրանսիական Վանդյովրեում ընթացող միջազգային մրցաշարում Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակից Տիգրան Ղարամյանը 6 տուրից հետո վաստակել է 5 միավոր եւ բաժանում է 2-3-րդ տեղերը: Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Կարինա Համբարձումովան ունի 4, իսկ Ուկրաինայից հանդես եկող Եկատերինա Դոլուխանովան` 3 միավոր: Ամերիկյան Լաս Վեգասում տեղի ունեցող Հյուսիսային Ամերիկայի բաց առաջնությանը մասնակցող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը առայժմ անհաջող է հանդես գալիս: Հինգ տուրից հետո ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակիցը վաստակել է 3 միավոր եւ զբաղեցնում է 22-րդ տեղը: Նա արդեն երկու միավորով հետ է մնում առաջատար Վեսլի Սոից, 1,5-ով` Խուլիո Բեսերայից եւ չինացի Ժու ժանչաոյից: