Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարությունն էլ փակենք, ես համաձայն եմ. Հրանուշ Հակոբյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Hranush-Hakobyan

Ինչո՞վ էր զբաղված Սփյուռքի նախարարը վերջին մեկ տարում։ «Երգը առանձնացնում ենք պարից»,- ասում է Հրանուշ Հակոբյանը։ Հրանուշ Հակոբյանը սակայն սրանով չի բավարարվել, կազմակերպել է ասմունքի եւ դուդուկի փառատոն, բազմաթիվ սփյուռքահայ երիտասարդներ է բերել Հայաստան հատուկ առաքելությամբ. «Ճանաչում են հայրենիքը, սիրում են հայրենիքը եւ վերադառնալով որոշում են անպայման հայ մնալ»։ Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակներում վերջապես ձեւակերպվել են Հրանուշ Հակոբյանի պահանջները Թուրքիայից. «Ես պահանջ ունեմ նաեւ չծնված երեխաների համար։ Եթե մեր 3 միլիոնը մնար,այսօր մենք 25 միլիոն կդառնայինք»։ Նախարարության հաջորդ ընթացիկ ձեռքբերումը սփյուռքահայերին տեղեկացնելն է, թե ովքեր են մեր մեծերը։ Պետական բյուջեից նախարարությանը հատկացրած 600 միլիոն դրամը նաեւ այս հարցում է պետք եկել. «Տեսեք, եթե 2014-ին մենք մեծ ենք համարել մեր Կոմիտասին, Սիամանթոյին, Թումանյանին, Արշիլ Գորկուն, ապա 2015-ին նախատեսել ենք անպայման Դանիել Վարուժանը, Համաստեղը, Անդրանիկը»։ Նախարար Հրանուշ Հակոբյանը 2014-ին գրեթե ոչ վայրկյան պարապ չի նստել. «Նախարարություն մուտք է գործում 63312 գրություն եւ ես այդ բոլորը կարդացել եմ, եւ մենք առաքել ենք 47 հազար գրություն, դա էլ եմ կարդացել»։ Իսկ ինչու՞ է կիսատ մնացել 2013-ին մեկնարկած «Նոր Հալեպ» թաղամասի կառուցումը, որի համար ամենասկզբից հատկացվել է 52 միլիոն դրամ։ Ինչու՞ նոր ներդրողներ չկան այս ծրագրում։ Հրանուշ Հակոբյանն ասում է՝ պետությունը 600 հալեպահայի նվիրել է 50 հեկտար տարածք, ուրիշ ի՞նչ աներ. «Հիմա մնում է հայ ժողովրդի, այդ թվում՝ նաեւ ձեր բարի վերաբերմունքը այդ ծրագրին»։ 2-3 դոլար ամեն մեկս պետք է ներդնենք, ըստ Հրանուշ Հակոբյանի։ Իսկ չէր լինի՞ «Արի տուն» կամ բազմաթիվ համաժողովների գումարն ուղղել այս ծրագրին։ «Մեր ամբողջ բյուջեն հազիվ 10 բնակարանի հերիքի»,-ասում է նախարարը։-Ի՞նչ անենք, մենք նախարարությունն էլ փակենք, ես համաձայն եմ»։ Տիկին Հակոբյանը կարող է դիմել ներդրողներին,խնդրել, հորդորել, բայց պարտադրել չի կարող, մարդիկ հալեպահայերի համար չեն ներդնում, ուրիշ գործի մեջ են ներդնում. «Որեւէ մեկը մեր աշխատողը չի, որ ես նրան պարտադրեմ կամ հանձնարարեմ, մենք միայն խնդրում ենք՝ կանեն, չեն անի»։