Տեխնիկական ԲՈՒՀ-երի շրջանավարտները դժվար են աշխատանք գտնում (տեսանյութ)
«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշում է, որ ըստ որոշ հաշվարկների՝ այսօր տեխնիկական ԲՈՒՀ-երի շրջանավարտների միայն 10%-ն է, որ ԲՈՒՀ-ը ավարտելուց հետո կարողանում է միանգամից աշխատանք գտնել իր մասնագիտությանը համապատասխան աշխատաշուկայում,այսինքն՝ պահանջարկված լինել մասնավոր հատվածի կողմից։ Բանախոսը սա պայմանավորում է երկու հանգամանքով՝ պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակով և ԲՈՒՀ-երի տեխնիկական հագեցվածությամբ: «Քանի որ ճյուղը բավականին արագ զարգացող է, այդ դասախոսները պետք է անընդհատ որակավորման կուրսեր անցնեն, որպեսզի կարողանան ուսումնասիրել նորարարությունները, իսկ դա բավականին թանկ հաճույք է, որը ԲՈՒՀ-երը չեն կարողանում ապահովել»,- ասում է նա: Բանախոսը այս խնդիրները կարգավորելու երկու ճանապարհ է առաջարկում. 1. Կառավարությունը իր վրա է վերցնում նման ահռելի ծախսեր հոգալը, 2. ԲՈՒՀ-երը սկսում են գտնել գործընկերներ մասնավոր հատվածում, որպեսզի իրենց այդ խնդիրները լուծեն։ «Հաշվի առնելով, որ մոտ ապագայում մեր կառավարությունը իրեն նմանատիպ ծախսեր չի կարող թույլ տալ, ուրեմն մնում է ԲՈՒՀ-մասնավոր սեկտոր համագործակցությունը»։ Պարոն Մուսայելյանը առանձնացնում է նաև մեկ այլ կարևոր խնդիր, այն է՝ շատ ընկերություններ այսօր ներդրումներ չեն անում կրթական համակարգում, իրենց սեփական կադրերը չեն պատրաստում, բայց իրենց նշանառության տակ են վերցնում այլ ընկերությունների որակյալ կադրերը, նաև այն ընկերությունների, որոնք մեծ գումարներ են ծախսում և որոնց արտադրանքի ինքնարժեքում կրթության բաղադրիչը բավականին մեծ թիվ է կազմում։ «Աշխարհաքաղաքական այս թոհուբոհում և գլոբալ մրցակցության առումով մեր կառավարության գերխնդիրը պետք է լինի վերազգային, տրանսնացիոնալ կորպորացիաներին շահագրգռելը, խրախուսել` օտարերկրյա ներդրումները Հայաստանում»։