Թբիլիսի է ժամանում ՀՀ վարչապետը. տհաճ անակնկալ է սպասվում
Դեկտեմբերի 11-ին երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսի է ժամանելու Հայաստանի Հանրապետության վարչապետի ղեկավարած կառավարական պատվիրակությունը: Պաշտոնական հանդիպումների հստակ օրակարգը չի հայտարարվել, մինչդեռ հայտնի է, որ պաշտոնական այցի շրջանակներում հանդիպումներ կկայանան հայկական պատվիրակաության և Վրաստանի վարչաապետի և նախագահի միջև: Այս մասին գրում է Վրաստանի հայ համայնքի պաշտոնական կայքը։ Մինչ հայտնի կդառնան հանդիպումների մանրամասները, իսկ ավելի ճիշտ, երբ նորից կլսենք մեր ժողովուրդների միջև բազմադարյա եղբայրության մասին բաժակաճառեր, հարկ է նշել, որ պաշտոնական Թբիլիսին հայկական պատվիրակության գալստին պատրաստել էր անակնկալ: Տհաճ անակնկալ… Հայկական Կառավարական պատվիրակության` Վրաստան ժամանելուց մեկ օր առաջ, դեկտեմբերի 10-ին, Վրաստանի Արտաքին Գործերի նախարարն այցելել է բռնագրավված Արևմտյան Հայաստանը, որտեղ Ղարս քաղաքում մասնակցել է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի Արտաքին Գործերի նախարարների 4-րդ հանդիպմանը: «Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են տարբեր բնագավառներում եռակողմ համագործակցության ընթացիկ մակարդակը: Հատկապես ընդգծվել է էներգետիկայի բնագավառում համագործակցության ակտիվացումը և գոյություն ունեցող նախագծերի կարևորությունը: Հերթական անգամ նշվել է «Բաքու-Թբիլիսի-Ղարս» երկաթուղու նախագծի իրականացման կարևորությունը: Նախարարները նաև խոսել են տարածաշրջանային համագործակցության համատեքստում երեք երկրների ժողովուրդների միջև հաղորդակցման ընդլայնման կարևորության և անհրաժեշտության մասին: Նախարարները գոհունակություն են հայտնել, որ եռակողմ համագործակցության շրջանակներում անցկացվող հանդիպումները դարձել են ավելի բազմազան: Հարկ է նշել, որ 2014թ. օգոստոսին Նախիջևանում կայացել էր Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը», -ասված է թուրքերի կողմից բռնագրավված Ղարսում անցկացված հանդիպման Վրաստանի Արտաքին Գործերի նախարարության եզրափակիչ հայտարարությունում: Նախարարների հանդիպման ավարտին ստորագրվել է համատեղ հռչակագիր: Ինչպես հայատարարում են ազերա-թուրքական տանդեմի և Վրաստանի Արտաքին գործերի նախարարները, «նախարարները հաստատում են եռակողմ համագործակցության ձևաչափի կարևորությունը ոչ միայն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև համագործակցության տեսանկյունից, այլ նաև ամբողջ տարածաշրջանի զարգացման տեսանկյունից»: Մի տեսակ անբնական և անսովոր է հնչում ստանդարտ թվացող այս նախադասությունը… Հարցի պատասխանը, թե ի՞նչ են ենթադրում երեք երկրների նախարարները «տարածաշրջանային զարգացում» նախադասությունը գործածելով` կարելի է կարդալ բռնագրավված Արևմտյան Հայաստանի տարածքում կայացած նախարարականի վերջնական հռչակագրում: «Տարածաշրջանում գոյություն ունեցող չլուծված հակամարտությունները մինչ օրս խոչընդոտում են խաղաղությանը, կայունությանը և տնտեսական զարգացմանը և համապատասխանաբար պահանջում են միջազգայնորեն ընդունված կանոնների շրջանակներում շուտափույթ լուծում` ի հարգանս պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքի: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում