Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազատամարտիկների վրա ձեռք են բարձրացնում Մարտի 1-ի կրակողները» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nkar-gagik

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը կոչ է անում ազատամարտիկ բոլոր ընկերներին եւ ամբողջ հայ ժողովրդին համախմբվել, քանի որ կռիվը կիսատ է մնացել։ «Ամեն ինչ արեք, որպեսզի հեռացնենք սպիտակ եղեռն իրականացնող ռեժիմին եւ կառուցենք հայկական պետություն։ Մի խաբվեք ընդդիմություն խաղացող գործիչներին եւ օլիգարխներին։ 2014 թ-ին պետք է դուրս գանք փողոց, հեռացնենք ռեժիմին եւ կանխենք վաղվա ցեղասպանությունը»,- «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ազատամարտիկի հայտարարությունը այսօր ընթերցեցին նրա մարտական ընկերները։ Նրա հայտարարության համար հիմք էին հանդիսացել վերջին օրերին ազատամարտիկների նկատմամբ կիրառվող բռնությունները. «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մասնակից Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ մահափորձի եւ շարժման մյուս անդամների մեքենաները հրկիզելը։ Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը միանում է իր մարտական ընկերոջ հայտարարությանը եւ ավելացնում, որ բոլորը պետք է համախմբվեն շարժման եւ Ժիրայր Սեֆիլյանի շուրջ, քանի որ այսօր Հայաստանում իրական ընդդիմություն գոյություն չունի. «Թող վեցյակ սարքեն, յոթյակ, ությակ, սա լրիվ ներքին ռեժիմի խաղերն են։ Խոսքը նրանում է, որ երկիրը ի վիճակի է ազատագրվելու այս բռնատերերից»։ Անդրադառնալով վերջին օրերին ազատամարտիկների ծեծին՝ ասուլիսի բանախոսներից Արա Խուդավերդյանը նշեց, որ դա բոլորին ձեռնտու էր, բացի իրենցից։ «Ուժային կառույցի ներկայացուցիչներն են ազատամարտիկներին ծեծողները։ Երբ Արաբոյի Մանվելը ծեծի է ենթարկվում որոշակի բաշիբոզուկների կողմից, ի՞նչ է մտածելու սահմանին կանգնած եւ ադրբեջանցի դիվերսանտների դեմ պայքարող զինվորը»,- հարց է տալիս նա։ Պարոն Խուդավերդյանը նշում է, որ ազատամարտիկների վրա ձեռք են բարձրացնում նրանք, ովքեր մարտի 1-ին ջարդում էին ժողովրդին, ձեռագիրն էլ շարունակում է մնալ նույնը։