Իրենք ողորմելի են ու ղզիկ. իրավապաշտպանը՝ ազատամարտիկներին ծեծողների մասին (տեսանյութ)
Անպատժելիության մթնոլորտ. այսպես երկրում տիրող իրավիճակը բնորոշեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Նա հիշեցնում է Սուրիկ Խաչատրյանի մարզպետ նշանակվելը, ինչով իշխանությունները ցույց տվեցին, որ իրենք անում են՝ ինչ ուզում են: Հաջորդը Նախախորհրդարանի անդամների հետ տեղի ունեցած միջադեպն է. «Հիմա էլ սա՝ ազատամարտիկներին ծեծելը: Ես սա համարում եմ պետական ահաբեկչություն՝ քո իսկ ժողովրդի նկատմամբ, և թող Վլադիմիր Գասպարյանը ինձ ապացուցի, թե վեց-յոթ մեքենայի հրկիզում, կամ նման դաժան ծեծը հնարավոր չի պարզել»: Այս գործը իրավապաշտպանի համար կարող է ստուգող թեսթ լինել, թե ինչպես է աշխատում ոստիկանությունը։ Իրավապաշտպանը չբացառեց նաև, որ նման որոշումը կայացվել է իշխանամետ որևէ մեկի կողմից, և եթե այդպես էլ լինի, ապա պատվիրատուն պատասխանատվություն այս դեպքում էլ չի կրի: ՀՀ վաստակավոր գործիչ, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն էլ համոզված է, որ Հայաստանում ծեծը դարձել է քաղաքական կատեգորիա. «Գողական, կիսագողական ապրելակերպով են շարժվում, ես էլ եմ ենթադրում, որ նման դեպքերը որոշվում են գողական սխոդկաներով, իսկ երբ չկա անպատժելիության մթնոլորտ, ուրեմն նման քրեածին տարրերն էլ շատանալու են մեր հասարակության մեջ: Սա նշանակում է, որ երկիրը մի կողմ է դրել քաղաքակրթությունը և շարժվում է անարխիայով, իսկ սրա վերջը կարող է լինել կամ դիկտատուրան, կամ վենդետան»: Բանախոսի կարծիքով՝ թվարկված այս բոլոր հանցագործություններից գոնե մեկը կարելի է հայտնաբերել, բայց ստեղված իրավիճակում ամենակարևորը ոչ թե բացահայտումն է , այլ այս մթնոլորտը կոտրելն է, միջավայրը փոխելը. «Պապլավոկում տեղի ունեցած դաժան սպանությունից հետո էլ նախկին նախագահ Քոչարյանի թիկնապահն էլ պատժվեց, բայց մեկ տարի ու այն էլ պայմանական, սակայն դրանով ի՞նչը փոխվեց»,-հիշեցնում է Ռուբեն Բաբայանը: Ավետիք Իշխանյանը հավելում է. «Իրենք ողորմելի են, իրենք ղզիկ են , դա տղամարդկություն չի՝ ետևից մոտենալ մարդուն և հարձակվել վրան, տղամարդ ես՝ գնա դիմացը կանգնի և ասա ինչ խնդիր ունես ինձ հետ»: Ռուբեն Բաբայանն էլ ծաղրանքով նշեց, որ այդ ապրելակերպը որդեգրած մարդիկ հերոսներ են. «Ցռան Վերգոն էլ է էպիկական կերպար և նրա ժառանգները հենց այդտեղից են գալիս, սակայն ում ենք մենք մեզ համար ուզում ընտրել որպես հերոս՝ Սասունցի Դավթի՞ն, թե՞ Ցռան Վերգոյին»: Անդրադառնալով նաև կատարվածի վերաբերյալ ոստիկանապետի հայտարարություններին, թե ծեծված ազատամարտիկները ոստիկանություն չեն դիմել, և ոստիկանությունը այդ դեպքում չի կարող զբաղվել այդ հարցով, պարոն Իշխանյանն ասաց. «Ինձ համար շատ զարմանալի է, ոստիկանապետը ի պաշտոնե չպետք է լինի քաղաքական գործիչ և նա քաղաքական հայտարարություններ չպետք է անի, սակայն այլ բանի ականատեսը եղանք»: «Այս ամեն ինչի սկիզբը դրվեց 1993 թ-ից՝ Երկրապահների ստեղծումով և առ այսօր նույն ձևով շարունակվում է»,- նշում է Ռուբեն Բաբայանը: «Որևէ մեկս ապահովագրված չենք նման վերաբերմունքի արժանանալուց, հաջորդ կարող է լինենք որևէ մեկս՝ իրավապաշտպանը, լրագրողը՝ ինչպես եղավ «Ա1+»-ի լրագրողի դեպքում, կամ այլ մարդ, ովքեր կփորձեն ոչ իշխանահաճո հայտարարություններով հանդես գալ, իշխանությունների ձեռագիրը չի փոխվում»,-շեշտեց Ավետիք Իշխանյանը՝ պատասխանելով «Ա1+»-ի լրագրողի այն դիտարկմանը, թե ազատամարտիկների կարգավիճակում հաջորդ անգամ կարող է հայտնվել մեզանից յուրաքանչյուրը: