Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը՝ համացանցային ազատությամբ երկիր

Հասարակություն
ba0e832e7fdad857bf2a49f780162482

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Համացանցի ազատությունը 2014 թվականին» զեկույցը, որում Հայաստանը դասվել է համացանցային ազատություն ունեցող երկրների շարքին։ Սահմանված է 3 չափորոշիչ «ազատ երկրներ», որոնք ստանում են 0-ից մինչև 30 միավոր, 31-ից մինչև 60 միավոր՝ «մասամբ ազատ» երկրների համար և «ոչ ազատ» երկրներ` 61-ից մինչև 100 միավոր։ Ըստ զեկույցի՝ համացանցի ազատության հարցում չորս տարի շարունակ ծայրահեղ վատ վիճակում է Ռուսաստանը, Ուկրաինան և Թուրքիան։ Համացանցի ազատության առումով ամենածանր վիճակը Սիրիայում է, Իրանում և Չինաստանում։ Իրավապաշտպան կազմակերպության զեկույցն ընդգրկում է 65 երկիր և ներառում է 2013 թվականի մայիսից 2014-ի մայիս ժամանակահատվածը։ Ըստ զեկույցի՝ 65 երկրներից 36-ում այդ ընթացքում բացասական միտում է գրանցվել։ Այսպիսով՝ Հայաստանը 28 միավորով գտնվում է «ազատ երկրների» ցանկի ստորին հատվածում։Փոքր-ինչ լավ վիճակում է հարևան Վրաստանը` 26 միավոր։ Ուկրաինան ունի 33 միավոր, Ղրղըզստանը` 34, Ադրբեջանը` 55, Ռուսաստանը և Ղազախստանը` 60-ական։ Այդ պետությունները մասամբ ազատ են։ Ռուսաստանը անցած հինգ տարում լրացուցիչ 11 միավոր է վաստակել։ Freedom House-ի փորձագետները նշում են, որ Վլադիմիր Պուտինի երրորդ նախագահության շրջանում Ռուսաստանում ընդունվել են իշխանության աշխատանքը քննադատող կայքերն արգելափակելու հնարավորություն ընձեռող օրենքներ։ Ուկրաինայում համացանցը խիստ հսկողության տակ է հայտնվել Եվրոմայդանի բողոքի ակցիաների ընթացքում, երբ նախագահ Վիկտոր Յանուկովիչի ռեժիմը գաղտնի հսկողություն է սահմանել ակտիվիստների, լրագրողների և քաղաքական գործիչների համացանցային ակտիվության նկատմամբ։ Ադրբեջանը ընդունել է օրենք, որն իրավապահներին տվել է օգտատերերի նկատմամբ զրպարտության մեղադրանքն ավելի լայն կիրառելու հնարավորություն։ Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Խադիջա Իսմայլովային հետապնդելու, ահաբեկելու և տարատեսակ անազնիվ հրապարակումներով վարկաբեկելու արշավը, այդ թվում` համացանցում: