ԱԺ-ն վավերացրեց ԵՏՄ պայմանագիրը. ծափեր դահլիճում (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր մինչ իր ելույթը վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի տարեդարձը: Խոսելով 2015թ. պետական բյուջեի վերջնական տարբերակի մասին՝ նա հայտարարեց, որ իշխանությունների ծրագրերում այլ ենթատեքստեր չփնտրել, այլ քվեարկել հանուն ՀՀ բարօրության. «Մեր նպատակները հստակ են, համագործակցության դուռը բաց է»: Պետական բյուջեն ընդունվեց 71 կողմ, 46 դեմ եւ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Գրեթե բոլոր պատգամավորները ներկա էին: ՀՀԿ խմբակցությունից կար չորս բացակա: Քվեարկությունների ժամանակ ՀՀԿ պատգամավոր Վրեժ Մարկոսյանը ջանասիրաբար քվեարկում էր բացակա գործընկեր Հակոբ Հակոբյանի փոխարեն եւս: Մինչ քվեարկության կդրվեր ԵՏՄ պայմանագրին միանալու հարցը, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրեց: Դահլիճում սկսվեց ծիծաղ եւ իրարանցում: Տիկին Փոստանջյանը հայտարարեց, որ այս պահին իրենց հետեւում է ողջ աշխարհի հայությունը. «Հատկապես հետեւում են այն պատգամավորներին, որոնք գործարարներ են, որոնք հաճախակի գործուղումների են մեկնում, իրենց քվեարկությունը շատ մեծ նշանակություն է ունենալու, եւ հնարավոր է դրանից հետո գործուղումների ճանապարհները փակվեն իրենց համար: Հետեւեք պարոն Պուտինի կողմից իր օլիգարխների նկատմամբ վերաբերմունքը, հատկապես Եվտուշենկոյի նկատմամբ»: Նրա խոսափողն անջատեցին: ԵՏՄ պայմանագրին միանալու մասին փաստաթուղթն անցավ 103 կողմ, 7 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Դեմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանն ու «Ժառանգություն» խմբակցությունը՝ ներառյալ Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը: Ձեռնպահ էր ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը։ Դահլիճում լսվեցին ծափեր: Քվեարկությունից հետո ԱԺ դահլիճը սկսեց դատարկվել: Այդ ընթացքում ԱԺ ամբիոնից Վերահսկիչ պալատի նախորդ տարվա ծրագրի զեկույցն էր ներկայացնում ՎՊ խորհրդի անդամ Լիլիթ Գեւորգյանը: Դահլիճի անցուցարձը դուր չեկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին եւ նա խիստ բարկացած ասաց. «Մի փոքր արագացրեք, եթե դուրս եք գալիս, իա»: Քիչ անց նա եւս լքեց ԱԺ նախագահությունը: