Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսագետ. Միասնական արժույթ մի օր լինելու է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
zoya-tadevosyan

ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Զոյա Թադևոսյանը այս օրերին ռուբլու արժեզրկումը համարում է կանխատեսելի երևույթ։ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է արտաքին գործոններից, այդ իսկ պատճառով էլ արտաքին փոփոխությունները իրենց շոկային ազդեցություն են ունենում մեր տնտեսության վրա։ Սակայն անկումը բացատրել միայն արտաքին գործոններով տնտեսագետը սխալ է համարում։ «Մենք ինչու ենք խոսում օտարերկրյա ներդրումներից, եթե մեզ մոտ կապիտալ ստեղծող մարդը հեռանում է մեր երկրից։ Իսկ այն երկրները, որոնք մարդկային կապիտալն արժեւորել են, նրանք էլ այսօր կապիտալի շուկայի առաջատարներն են։ Մենք մարդկային կապիտալը համարում ենք հեղափոխական զանգված, և հույսներս դրել ենք այդ հեղափոխական զանգվածի, արտագաղթի և դրան հետևող տրանսֆերտների ներհոսքի վրա,իսկ այդ տրանսֆերտները շատ փխրուն գաղափար են»,-նշեց տիկին Թադևոսյանը ։ Մեր երկիր տրանսֆերտների հոսքը արդեն իսկ 20%-ով պակասել է։ «Դա կնշանակի, որ մինչև տարեվերջ այդ օտարերկրյա արժույթը, որը բավականին մեծ տնտեսական հնարավորություն էր մեր երկրի աճի և զբաղվածության, կամ եկամուտների, գոյամիջոցների հայթայթման առումով, էապես նվազելու է , և եթե այս իրավիճակը չշտկվի, դրան հաստատ հետևելու է կրկին արտագաղթը»,-ասաց նա։ Շատ է խոսվում նաև ԵՏՄ-ի անդամ պետությունների համար միասնական տնտեսական արժույթ ստեղծելու գաղափարի մասին. «Ա1+»-ի  հարցին , թե մոտ ապագայում հնարավոր համարում եք  արդյոք և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մեզ վրա, տնտեսագետը շեշտեց. «Միասնական արժույթի գաղափարը ցանկացած պարագայում լինելու է, և դրա մեջ որևէ վտանգավոր, կամ ազգային ինքնությունը կորցնելու կամ անկախությունը նսեմացնելու խնդիր չկա։ ԵՄ-ն էլ է այդ փուլում գտնվում, որ առկա է միասնական արժույթ, դա տարածաշրջանային տնտեսական զարգացման տրամաբանական փուլ է, և դա պարտադիր է»։