Եռյակը չգնաց զիջումների (տեսանյութ)
ԱԺ նախագահի մոտ այսօր տեղի ունեցած կեսժամանոց հանդիպումից հետո կառավարությունը մերժում ստացավ։ Ոչ իշխանական եռյակը մերժեց քննարկումներին մասնակցելու առաջարկը։ «Ինչ բանակցել այդ կետերի առթիվ, որոնք ժողովրդի պահանջն են, դրանք լուծել է անհրաժեշտ», -ասում է ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ իշխանական եռյակին առաջարկել է քննարկել ներկայացված 12 կետը եւ այդ նպատակով, յուրաքանչյուր հարցի համար, կառավարության եւ ընդդիմության կողմից 3 հոգանոց թիմ կազմել: «Մերժում են առհասարակ երկխոսությունը նրանք, որոնք ասելիք ու անելիք չունեն քաղաքական դաշտում: Մերժումը դա մարգինալների գործելաոճն է», -նկատում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հանդիպմանը Կառավարությունը ներկայացրել է աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, իսկ եռյակի կողմից ներկա էին միայն «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ու ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը: ՀԱԿ-ը հրաժարվել է մասնակցել։ «Այս իրավիճակից դուրս գալու համար մենք դիտում ենք, որ ոչ ժամանակ է անհրաժեշտ, ոչ ճանապարհային քարտեզ, ոչ ֆինանսական ներդրում, որպեսզի, օրինակ՝ կառավարությունը կամ քաղաքական իշխանությունը ԸՕ փոփոխություններ իրականացնի» ,-նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։ «Իշխանությունը չի ասում` երբեք մենք ԸՕ-ի բարեփոխման ճանապարհով չենք գնալու, մենք ասում ենք` մինչեւ Բ կետին հասնելը պետք է անցնել Ա կետը», -բացատրում է Էդուարդ Շարմազանովը։ ՀՀԿ ներկայացացուցիչը հայտարարում է՝ մինչեւ Սահմանադրությունը չփոփոխվի, ընտրական բարեփոխումների մասին խոսելն ավելորդ է։ Իսկ եռյակը դեմ է սահմանադրական փոփոխություններին։