Սոցիալական օժանդակություն՝ սահմանամերձ համայնքներին
ԱԺ-ն այսօր սկսեց իր արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվելու է Կառավարության ներկայացրած 26 որոշում: Որոշումներից մեկը վերաբերում է Սահմանամերձ համայնքներին սոցիալական օժանդակություն ցուցաբերելուն: Տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը նշեց, որ օժանդակությունը լինելու է որոշակիորեն, իսկ տվյալ սահմանամերձ համայնքների ցանկը կսահմանի կառավարությունը. «Կլուծվեն կոմունալ խնդիրները՝ էլեկտրաէներգիայի, գազի եւ ոռոգման ջրի համար մասնակի փոխհատուցումներ: Ադրբեջանական գործողությունների արդյունքում օթեւանից զրկված բնակիչներին կտրամադրվի օթեւան, իսկ տուժած, վիրավորված բնակիչներին բժշկական օգնություն՝ պետպատվերի շրջանակներում, ականների պայթյունից զոհվածների ընտանիքներին միանվագ օգնություն՝ հուղարկավորության, տապանաքարերի ու գերեզմանների սարքման համար»: Նրա տեղեկացմամբ՝ այս օրենքը կգործի մինչեւ 2018թ., որից հետո այն կամ կերկարաձգվի, կամ նոր մոտեցումներով կհամալրվի. «Կգնահատվի նաեւ էլեկտրաէներգիայի եւ գազի միջին սպառումը, ու դա կվերցվի որպես բազային չափ՝ փոխհատուցումները տրամադրելու համար եւ պարզ կդառնա, թե միջինացված չափսերից որքանը կառավարությունը կփոխհատուցի: Իսկ հողի ու գույքի հարկը ամբողջությամբ կփոխհատուցվեն համայնքային բյուջե»: Վաչե Տերտերյանին հարցեր տալու համար հերթագրվեց 21 պատգամավոր: «Մի քիչ շատ չե՞ք հերթագրվել»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: