ԵՏՄ-ն լավագույն տարբերակը չէ, բայց ամենահարմարն է. ՀՀԿ պատգամավոր (տեսանյութ)
«Միջազգային հանրության արձագանքը ոչ պատշաճ էր»,-նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով Արցախում ուղղաթիռի կործանման դեպքին։ Ասում է՝ միջազգային կառույցների կարծիքը կարևոր է, բայց մեր երկրի նախագահի կողմից էլ ասվել է, որ պետք է տրվի պատասխան, և դա ավելի ցավալի պետք է լինի։ Պարոն Ալեքսանյանը կարծում է, որ այդ պատասխանն էլ այնպիսին պետք է լինի, որ ցույց տա, թե Հայաստանն ուզում է և շարունակում է խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից լինել։ «Ալիևը ներքաղաքական խնդիրներ ունի, որոնք ուզում է լուծել նման քայլերով»,-նշել է պատգամավորը։ Նրա խոսքով՝ մեր երկրի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ, համարվում է, որ նա զիջել է իր դիրքերը և այսպիսով ուզում է ցույց տալ, որ ուժեղ է։ «Չեմ կարծում, թե Ալիևը պատրաստ է պատերազմ սկսել»,-ընդգծել է պարոն Ալեքսանյանը։ Անդրադառնալով ներքաղաքական կյանքին՝ ՀՀԿ-ական պատգամավորը նշել է, որ այսօրվա ընդդիմությունը չի կարող այնպիսի ուժ կազմել, որ ռեսուրս ունենա իշխանափոխություն կատարելու։ «Տարբեր շահերի, տարբեր դիրքորոշումների տեր ուժեր չեն կարող միասնական լինել»,-շեշտել է նա։ Իսկ մեր երկրի՝ ԵՏՄ-ին անդամակցության առնչությամբ նշում է, որ սա լավագույն տարբերակը չէ, բայց այս իրավիճակում ամենահարմար տարբերակն է։ «Սկսած 90-ական թվականներից, բոլոր տնտեսական ու ռազմավարական, անվտանգության կապերը եղել են Ռուսաստանի հետ և ԵՏՄ-ին անդամակցությունը մեր երկրի համար այս առումով հատկապես շատ կարևոր է»,-եզրափակել է պարոն Ալեքսանյանը։