Լեւոն Զուրաբյան. «Իշխանության հետ՝ միայն հրապարակային գործարքներ»
Իշխանությունների հետ եռյակը չի բանակցելու 12 կետերի շուրջ նույնիսկ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշում է. «Իշխանության հանձնման, ժողովրդին իշխանության հանձնման, արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման, դեպի ժողովրդավարություն սահուն անցման հարցերում մենք պատրաստ ենք բանակցել իշխանությունների հետ»։ Բանակցություններ չեն լինի նույնիսկ այն բանից հետո, եթե իշխանությունը որոշի ընդառաջ գնալ Ռուբեն Հակոբյանի առաջարկին եւ Ազգային Ժողովում քննարկի «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ անելը, ըստ որի անցնելու են համամասնական 100 տոկոս ընտրակարգի. «Կարող են լինել միայն հրապարակային գործարքներ»։ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իրենն է պնդում՝ եռյակը միայն այն ժամանակ լուրջ կընդունի իշխանությունների ցանկությունը 12 կետերն իրականացնելու առումով, եթե Ազգային Ժողովում քննարկի եւ ընդունի հենց 10-րդ կետը, որը 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու պահանջն է. «Սա այն կետն է, որի դեպքում ճանապարհային քարտեզ, ժամանակ, ֆինանսական ներդրում, օրենքների մեջ մյուս օրենքների եւ ենթաօրենսդրական ակտերի փոփոխության հարց չկա, ուղղակի կարելի ա մեկ կամ երկու մաքսիմում երկու նիստերի ընթացքում այս Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարել»։ Ընտրական օրենսգիրքը փոխելով, ըստ պարոն Հակոբյանի, իշխանությունը կարող է կամրջել իրեն ու ընդդիմությանը։ Ի տարբերություն Ռուբեն Հակոբյանի, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը 12 կետերից որեւէ մեկը չի առանձնացնում, իշխանությունը բոլորն էլ պետք է լուծի։ Պարոն Հակոբյանն ըստ նրա, օրինակի համար է առանձնացրել 100 տոկոս համամասնականի անցնելու կետը. «Եվ չի բացառվում, որ մենք առաջիկայում օրենսդրական նախաձեռնության ձեւով էլ այդ կետը մտցնենք Ազգային Ժողով»։ ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը չի հասկանում, թե ինչու պետք է ընդդիմությունը իշխանության հետ բանակցի 12 կետերի շուրջ, իրենք կբանակցեն միայն այն դեպքում, եթե իշխանությունը չիմանա, թե ինչպես է լուծելու 12 կետերից որեւէ մեկը. «Եթե իրենք կհայտարարեն այս կետը մենք չենք պատկերացնում ինչպես անել, եթե դուք պատկերացնում եք, մեզ ասեք»։ Հանրապետական Վահրամ Բաղդասարյանը խնդիր չի տեսնում՝ եկեք, նստենք, խոսենք 12 կետերի մասին։ Թող հայտարարեն, որ պատրաստ են քննարկումների. «Պայմանավորվենք օրվա եւ ժամի մասին եւ պարբերաբար կարող ենք քննարկել»։ Բայց եռյակը կամ քառյակը թող հույս չունենա, որ Հանրապետականը համաձայնվելու է իրենց ամեն ասածի հետ։ Մասնավորապես ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելն առայժմ ժամանակավրեպ է. «Սահմանադրական փոփոխությունների քննարկումից հետո մենք ունենք բավականին ժամանակ, ընտրություններից մեկ տարի առաջ Ընտրական օրենսգիրքը նորից պետք է վերանայվի»։