Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանի անվտանգության հարցը կարելի է համարել չլուծված»

Քաղաքականություն
Ruben-Mehrabyan_3

Եվրոպան բացում է գրպանը՝ Հայաստանի հետ կապերը վերջնականապես չխզելու համար։ «Այն պաշտոնյաները, որ գնում են Բրյուսել, ասում են, որ սառը արհամարհանքով են վերաբերվում մեզ՝ հիշեցնելով սեպտեմբերի 3-ը։ Բայց Եվրոպան հիմա աշխատում է չկտրել վերջին թելը»,-ասում է «Քաղաքական եւ միջազգային հարաբերությունների հայկական կենտրոն»-ի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը։ Եվրամիությունը պատրաստ է մինչեւ 170 միլիոն եվրո հատկացնել Հայաստանին՝ հաշվի առնելով իրականացվող բարեփոխումներն ու առկա կարիքները։ Այս կերպ Եվրոպան սեպտեմբերի 3-ից հետո փորձում է դեռ պահել իր ազդեցությունը մեր երկրում։ Իսկ մենք ոչ մի ջանք չենք գործադրում ռուսական ազդեցության տակից դուրս գալու համար։ «Մենք հսկայական ռեսուրսներ ունենք Ռուսաստանում, ի դեմս մեր հայրենակիցների՝ միլիոնատերեր, միլիարդատերեր։ Բայց այդ ամբողջ ռեսուրսը օգտագործվում է ոչ թե մեր կողմից Ռուսաստանի վրա ազդելու, այլ ընդհակառակը»,- ասում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Միքայել Զոլյանը։ Նա նկատում է՝ ԱՄՆ-ում իրավիճակն այլ կերպ կզարգանար. «Եթե այն քաղաքական որոշումները, որ այսօր Ռուսաստանում կայացվում է, թեկուզ Ադրբեջանի հետ կապված. տեղի ունենար ԱՄՆ-ում, ամերիկահայ համայնքը ինչպիսի աղմուկ կբարձրացներ»։ «Մեդիա կենտրոնում» ծավալված քննարկմանը փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը ամենաթարմ դեպքն է հիշեցնում՝ Արցախում հայկական ուղղաթիռը կործանվեց Ռուսաստանից գնված զենքով։ «Եթե մեր անվտանգության երաշխավորը մի երկիր է, որը վտանգների գլխավոր մատակարարն է մեր տարածաշրջանում, ապա Հայաստանի անվտանգության հարցը կարելի է համարել չլուծված, որովհետեւ այն ինչ համարվում է լուծված, դա զուտ խաբկանք է»,- եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը։