ԵԽ պաշտոնյան՝ կիբերհանցագործության զոհ
Արեւելյան գործընկերության հերթական ծրագիրը թիրախ երկրների, այդ թվում` Հայաստանի համար, ավարտվում է։ Կիբերհանցագործության դեմ պայքարում Եվրամիությունն ու Եվրոպայի խորհուրդը 2011թ. մարտից աջակցում են ԱլԳ երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային։
CyperCrime@EAP ծրագրի վերջակետը դրվում է Քիշինեւում եռօրյա կոնֆերանսով, որին մասնակցում են ԱլԳ երկրների, ինչպես նաեւ ԵԽ եւ ԵՄ պատվիրակները։
Բայց սա վերջակետը չէ, այնուամենայնիվ, նշում են եվրոպական կառույցների ներկայացուցիչները՝ հայտարարելով, թե միայն ստորակետ է, իսկ շարունակությունը լինելու են նոր ծրագրերը։
Այն, որ կիբերհանցագործության դեմ պայքարում միջազգային համագործակցության անհրաժեշտությունը մեծ է, ներկաները բազմիցս են համոզվել։Կիբերհանցագործության սահմաններն օրեցօր ընդլայնվում են, տարբերակներն էլ՝ կատարելագործվում։
Բանախոսներից Եվրոպայի խորհրդի Կիբերհանցագործության հարցերով գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Սեգերն ինքն է դարձել նման հանցագործության զոհ. գողացել եւ օգտագործել են նրա քարտն օնլայն։ Պարոն Սեգերը հայտարարում է , որ պետությունները պետք է խստացնեն անվտանգության միջոցները եւ պաշտպանեն քաղաքացիների անհատական տվյալները։
«Կիբերհանցագործությունը դառնում է արտադրություն, որը ծառայություն է մատուցում»,–ասում է ԵՎՐՈՊՈԼ–ի ներկայացուցիչ Կատարինա Նունես Լադեյրան։ Այդպիսի ծառայություներ են դարձել փողերի լվացումը, օնլայն փաստաթղթերի կեղծումը եւ ամենասարսափելին՝ մանկական պոռնոգրաֆիան։
ԵՎՐՈՊՈԼ–ի ներկայացուցչի գնահատմամբ՝ հասունացել է նոր տեսակի իրավապահի անհրաժեշտությունը՝ օնլայն ոստիկանի, որին «կտեսնենք ինտերնետում այնպես աշխատելիս, ինչպես մյուսներին՝ իրական կյանքում»։
