ՀՀԿ-ն այդքան էլ խելոք, համեստ կուսակցություն չէ. ՀՀԿ պատգամավոր (տեսանյութ)
«Մոսկվան մեզ չի կառավարում»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր նշել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը։ Պարզապես նրա կարծիքով՝ Հայաստանն արդեն որոշ չափով պետք է հաշվետու լինի Ռուսաստանի և մյուս այն երկրների առջև, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամ են։ Ընդդիմադիր եռյակի քննադատությունը Հանրապետականը նորմալ է համարում, բայց ասում է՝ իշխանությունն էլ պետք է ընդդիմությանը քննադատի, որպեսզի չստացվի, թե նրանց ասածները ճիշտ են։ Պարոն Զոհրաբյանը չի բացառում, որ մեր երկրում էլ Մայդան լինի, բայց դա միայն այն դեպքում, եթե այնքան ուժեղ ընդդիմություն ունենանք, ինչպես Ուկրաինայում էր։ Ընդդիմադիր եռյակի ամենամեծ ուժ է համարում ԲՀԿ-ին և կարծում է, որ այդ կուսակցությունը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ոչ թե արտահերթ ընտրություններ է ուզում, այլ իրենց հնչեցրած բոլոր մտքերը վերաբերում են 2017 թվականի հերթական, խորհրդարանական ընտրություններին։ ՀՀԿ-ական պատգամավորը ՀԱԿ-ի ելույթներն է համարում կտրուկ և նշում է. «Իրենց թվում է, թե 88 թիվն է, ու իշխանափոխության կոչեր են անում։ Բայց դա չի ստացվի, քանի որ ՀՀԿ-ն այդքան խելոք, համեստ կուսակցություն չէ, որ թույլ տա նման բան»։ Պարոն Զոհրաբյանը վստահ է, որ արտահերթ ընտրություններ չեն լինի մի պարզ պատճառով. ՀՀԿ-ն դրան համաձայն չէ. «Իսկ քանի որ հենց իշխանությունն է ընտրությունների կազմակերպիչը, ապա պարզ է, որ այդ ընտրությունները տեղի չեն ունենա»,-եզրափակել է պատգամավորը։